««Ընտանիք»-ն անիվների վրա»

Օգոստոսի 25-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց Շիրակի մարզի գյուղական համայնքների մանկավարժների և դեռահասների համար ««Ընտանիքն» անիվների վրա» խորագրով կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, Շիրակի մարզի գյուղական համայնքների ազգային արհեստի և արվեստի ոլորտի մանկավարժների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ, նպաստել գյուղաբնակ դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը, կազմակերպել համայքներում կենտրոնի սաների և մանկավարժների կողմից գործնական դասընթացներ՝ նրանց ընձեռնելով ինքնուրույն ստեղծագործելու, սեփական կարողությունները գնահատելու հնարավորություն:

Ծրագրի առաջին փուլում՝ օգոստոսի 25-ից 29-ը իրականցվեց գյուղական համայքների թվով 18 մանկավարժների վերապատրաստում <Ընտանիք> կենտրոնում: Վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժները բացահայտեցին համայնքային հետազոտության իրականացման և կարիքների հայտնաբերման մեթոդներ, վեր հանեցին սեփական համայնքի զարգացման և արտադպրոցական կրթական ծրագրերի իրականացման միջոցով դեռահասներին համայնքի հետ կապելու միջոցներ, քննարկեցին մասնագիտական կրթադաստիարակչական ծրագրեր և դասավանդման նոր մեթոդներ:

Սեպտեմբերի 1-ից  5-ը /ծրագրի երկրորդ փուլում/  կենտրոնի սաներն ու խմբավարները   վերապատրաստված մանկավարժների հետ համատեղ գյուղական 10 համայնքներում  (Թորոսգյուղ, Գոգհովիտ, Հայկավան, Ոսկեհասկ, Ջաջուռ, Մարմաշեն, Ջրաձոր, Վահրամաբերդ, Ցողամարգ, Մուսայելյան) կազմակերպեցին գործնական դասընթացներ գյուղաբնակ դեռահասների համար: Գործնական դասընթացների իրականացման ընթացքում դեռահասները բացահայտեցին, որ դեպի գիտելիքները տանող միակ ուղին սովորելն է և ստացած գիտելիքները՝ նպատակին ծառայեցնելը:

Համայնքների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը գյուղական համայնքներում՝ արտահայտելով իրենց հիացմունքն  ու երախտիքը կենտրոնի անձնակազմին. նշելով, որ համագործակցությունը «Ընտանիք» կենտրոնի և գյուղական համայնքների միջև կդառնա այն կամուրջը, որը կմիավորի մատաղ սերնդին ազգային մտածելակերպով դաստիարակող շահագրգիռ անձանց:

Արդյունքը գոհացուցիչ էր. ծրագրի բոլոր մասնակիցները մեկ անգամ ևս համոզվեցին. «Արհեստ սովորիր, մի´ լինիր նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ.... »

 

Ս. Հակոբյան