You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի մեկնարկ

Մայիսի 2-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 1-ին փուլը: ‹‹Մասնագիտական կողմնորոշման›› դասընթացները սկսվեցին Շիրակի մարզի Արևշատ համայնքից, որոնք ըստ ժանամակացույցի կշարունակվեն Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքներում և Ջավախքի կրթամշակութային կենտրոններում:
Ծրագրի առաջին փուլի նպատակն է օժանդակել դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց կարողությունների և նախընտրելի մասնագիտությունների բացահայտմանը, նպաստել ազգային արհեստի և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել միջհամայնքային կապը կրթամշակութային հաստատությունների միջև, կարևորել արտադպրոցական կրթության դերը:
Արևշատի միջնակարգ դպրոցում դասընթացներն անցկացվեցին հետևյալ մասնագիտությունների գծով` խեցեգործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ուլունքագործություն, ազգագրական երգ ու պար, արծաթագործություն, գեղանկարչություն: Համայնքաբնակ դեռահասները մեծ հետաքրքրությամբ և նվիրումով մասնակցեցին գործնական պարապմունքներին` ծանոթանալով վերոնշյալ արհեստների ու արվեստի ճյուղերի գաղտնիքներին և բացահայտելով սեփական նախասիրությունները: Դպրոցականները նշեցին, որ իրենց համայնքում գրեթե բացակայում են ժամանցի վայրերը, ինչի հետևանքով իրենք ունեն զբաղվածության ապահովման և ինքնաարտահայտման խնդիրներ:
«Շատ կցանկանայի, որ խեցեգործության խմբակի գործունեությունը հետագայում շարունակվի մեր համայնքում, քանի, որ գյուղի երեխան կտրված է արտաքին աշխարհից, ամփոփված է իր մեջ: Նմանատիպ խմբակների բացումը մեզ կծանոթացնեն նաև մեր հնագույն մշակույթին, որոնք կարևոր են ազգային դիմագիծը պահպանելու համար»,-այսպես էր արտահայտվել Սպանդարյան համայնքի դեռահաս Անի Դավթյանը: Իսկ Անուշավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կարինե Ղարամանյանը իր տպավորություններում նշել էր. «Վաղուց մեր համայնքում այսպիսի բան չէր եղել: Ողջունելի է, որ նման կազմակերպությունները կարողանում են մեր` դպրոցականներիս առօրյան դարձնել հետաքրքիր և գունեղ: Շատ կցանկանայի, որ մեր դպրոցում էլ գործեին նման խմբակներ, քանի որ երեխաները մեծ հետաքրքրությամբ եմ մոտենում այս ամենին և շատերը նույնիսկ հասցրել են տարվել կոնկրետ մասնագիտություններով…»:
 
Հ. Սարգսյան
   
02/05/2017