You are here

«Ընտանիք»-ը Ջավախքում

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 14-ից 16-ն այցելեցին Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ: Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ՝ արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ:
Ջավախքի կրթամշակութային հաստատություններում «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցներին և սաներին դիմավորեցին մեծ սիրով: 
Կրթօջախների սաները ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին իրենց նախընտրած մասնագիտական դասերին, փոխանակվեցին գիտելիքներով և ունեցած փորձով: 
Անցկացված դասերը կրեցին նաև թեմատիկ բնույթ. գեղանկարչության, խեցեգործության, վիտրաժային նկարչության և այլ աշխատանքների միջոցով սաներն անդրադարձան հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներին՝ արտահայտելով իրենց պատկերացումները Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ: 
Դասընթացների ավարտին կենտրոնների սաները ներկայացան իրենց ստեղծագործական աշխատանքների ցուցադրմամբ, որոնք արժանացան ծնողների և մանկավարժական հանրույթի բարձր գնահատանքին. «Շատ տպավորված ենք «Ընտանիք» կենտրոնի այցով: Երեխաս մասնակցեց գեղանկարչության դասին: Կցանկանամ նմանատիպ հանդիպումները հաճախակի կազմակերպվեն»,-իր տպավորություններով կիսվեց Ախալքալաքի Հայ Երիտասարդական կենտրոնի սանի ծնող Լենա Հակոբյանը:
Մասնագիտական կողմնորոշման դասերին ակտիվ մասնակցելու համար կրթամշակութային հաստատությունների սաները «Ընտանիք» կենտրոնի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: Միջոցառումն եզրափակվեց ազգագրական երգով և միասնական շուրջպարով: 
«Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Ս.Պետրոսյանը երախտիքի խոսքեր հղեց Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանին և Երիտասարդական կենտրոնների անձնակազմին՝ համագործակցության և Ջավախքի դեռահասների հայեցի դաստիարակության գործում մեծ դերակատարություն ունենալու համար: 
Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեցին նաև սեմինար և կլոր սեղան-քննարկումներ՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակների, ինչպես նաև հայկական մշակույթին բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ Նինոծմիդայում կենտրոնի սաները մասնակից դարձան կազմակերպված սպորտլանդիային և հանդիպում ունեցան տեղի «Պատանեկան միության» անդամների հետ: 
«Ծրագիրը կայացած է: «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և ողջ անձնակազմին հայտնում եմ մեր երախտագիտությունը: Այս համագործակցությունը տալիս է իր արդյունքը: Ցանկանում եմ այս բազմաբովանդակ «Ընտանիք»-ը դառնա բյուրավոր երեխաների «Ընտանիք»՝ ընդգրկելով  նաև ջավախքցի երեխաներին: Այսպիսի համատեղ ծրագրերը կոչված են՝ ի նպաստ հայապահպանման, ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտման և կայացման»,- նշեց իր խոսքում տիկին Թադևոսյանը:
Ծրագրի շրջանակում  «Ընտանիք» կենտրոնի և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների աշխատակիցներն ու դեռահասները ճանաչողական այցեր կատարեցին Ախալցխայի Ս.Վարդանանց, Ախալքալաքի Ս.Խաչ եկեղեցներ, Թամարա թագուհու ամրոց, Վահան Տերյանի տուն-թանգարան: 
Ծրագրի արդյունքում գյումրեցի և ջավախքցի դեռահասների միջև ամրապնդվեց բարեկամական հարաբերությունները և երկուստեք արժևորեցին ազգային մշակութային արժեքների պահպանումն  ու տարածումը:  
 
Ս. Պետրոսյան
           
18/04/2018