«Ընտանիք» կենտրոնում ֆրանսիական կազմակերպության հետ համատեղ անցկացվեց «10 բառերի քարավան» մշակութային ծրագիր

Հոկտեմբերի 3-ից 5-ը ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում «10 բառերի քարավան» ֆրանսիական կազմակերպության հետ համատեղ անցկացվեց մշակութային ծրագիր՝ նվիրված Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ դառնալու 10-րդ տարելիցին: 
Ծրագրի նպատակն էր ծանոթացնել ֆրանսերենի հարուստ մշակութային բազմազանությանը, ձևավորել և զարգացնել Ֆրանկոֆոնիան ներկայացնելու կարողություններ, կարևորել ֆրանսերենի իմացությունը միջմշակութային կապերի հաստատման գործում, խթանել համագործակցությունը ֆրանսերենի զարգացմամբ և տարածմամբ զբաղվող կառույցների հետ: 
Կենտրոնում հյուրընկալված Չադի, Կոնգոյի, Կամերունի, Կանադայի, Չեխիայի, Գվադելուպայի, Ֆրանսիայի ֆրանսախոս «քարավանցիները» շրջեցին արհեստի ու արվեստի ուսուցողական խմբակներում, ծանոթացան սաների պատրաստած աշխատանքներին:
Ծրագրի շրջանակում հյուրերը վերապատրաստման դասընթացներ ու փորձի փոխանակում անցկացրեցին կենտրոնի մանկավարժների հետ: «Քարավանցիները» սաների և ֆրանսախոս պատանիների հետ կազմակերպեցին նաև իրենց երկրների ազգային պարի, թատերական արվեստի, երգի և բիթ բոքսի դասընթացներ, սովորեցրին աշխատել խամաճիկների հետ, մասնակցել տիկնիկային բեմադրություններին ու ձեռք բերել նոր գիտելիքներ այդ բնագավառներում:
Ծրագրի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի Ֆրանկոֆոնիայի տարածմանն և զարգացմանը:
 
Վ. Նահապետյան
 
             
10/10/2018