«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս

Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:
Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:
Ցերեկույթը բացվեց երգարվեստի և պարարվեստի խմբակների սաների համատեղ պատրաստած գեղարվեստական ելույթով և շարունակվեց Շերամի մասին պատմող փոքրիկ տեսանյութի ցուցադրմամբ:
Հայկական երաժշտական գործիքի միջոցով դուդուկի խմբակի սաները յուրովի մատուցեցին գուսան Շերամի ստեղծած արժեքավոր, «մետաքսանման» երգերը՝ համեմելով այն նրա կենսագրության գեղեցիկ հուշերով: 
Գյումրեցի վարպետի նախընտրած պարզ ու թեթև ստեղծագործությունները սաները նույնքան պարզ ու մաքրամաքուր կենդանի կատարմամբ փոխանցեցին հանդիսատեսին՝ նրանց մոտեցնելով Շերամի աշուղական արվեստին և պատճառելով մեծ բավականություն ու հիացմունք:
Բաց դասի ավարտին կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց երիտասարդ դուդուկահարներին՝ աշուղական արվեստն ուշադրության արժանացնելու, Շերամի ստեղծագործությունները հավուր պատշաճի ներկայացնելու և մեծանուն ստեղծագործողների արժանի հետնորդներ դառնալու ձգտման համար:
«Մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր հնամենի մշակութային ժառանգությունը պահպանելու և փոխանցելու հաջորդ սերունդներին». ահա այս կարգախոսն էր ընկած միջոցառման առանցքում, որը  դասի մասնակիցները խոստացան պատվով շարունակել:
 
Հ. Սարգսյան
       
23/03/2018