You are here

«Ընտանիք» կենտրոն. «Արվեստի ուժը» խորագրով բաց դաս և ցուցահանդես

Նոյեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնում կայացավ «Արվեստի ուժը» խորագրով բաց դաս-ցուցահանդես՝ գորգագործության, կարպետագործության, արծաթագործության, փայտավեստի և համակարգչային ուսուցման խմբակների սաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր ձևավորել հետաքրքրություն հին հայկական արհեստների նկատմամբ, ընդգծել արհեստների դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում:
Մինչ ցուցահանդեսի դիտումը խմբակների սաները հետաքրքիր ու բովանդակալից տեղեկություններ հաղորդեցին իրենց մասնագիտությունների վերաբերյալ. ներկայացվեցին արծաթի օգտակար հատկությունները, արծաթյա զարդերի նշանակությունը հայկական արքունիքում, փայտարվեստում զարդանախշային փորագրության արվեստը, ձեռքի և մեքենայացված փորագրությունների առանձնահատկությունները, հայկական գորգերի և կարպետների զարդանախշերի խորհրդանշանները: Յուրաքանչյուր արհեստի առանձնահատկության վերաբերյալ ներկայացված տեղեկություններին զուգահեռ, համակարգչային ուսուցման խմբակը պատրաստել էր սահիկաշար:
Միջոցառմանն ակտիվ մասնակցելու համար վերոնշյալ խմբակների սաները ստացան պատվոգրեր: 
Ներկաները դիտեցին ցուցահանդեսը և բարձր գնահատեցին սաների ստեղծագործ մտքի արդյունքը և կատարողական հմտությունները: Ծնողները երախտիքի խոսքեր ուղղեցին «Ընտանիք»  կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ իրենց երեխաների արտադպրոցական ուսուցումը կազմակերպելու և նպաստավոր պայմաններ ապահովելու համար:
 
Ն.Մարտիրոսյան
 

           

 

29/11/2019