«Ընտանիք» կենտրոն. «Գանձեր որոնողները» խորագրով խաղ-վիկտորինա

 «Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է»:
 Թովմաս Ֆուլեր
 
Փետրվարի 28-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում անցկացվեց «Գանձեր որոնողները» խորագրով խաղ-վիկտորինա:
Մրցույթի նպատակն էր նպաստել սաների բազմակողմանի մտածողության զարգացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, բացահայտել նրանց տրամաբանական ունակությունները, ձևավորել թիմում աշխատելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ։
Խաղին մասնակցում էին «Զինվորներ», «Նժդեհիկներ», «Ծովահեններ», «Խաղաղություն», «Ֆոտոններ» և «Առյուծներ» թիմերը` ձևավորված կենտրոնի շախմատի և անգլերենի խմբակներից։ 
Խմբերից յուրաքանչյուրն առանձնանում էր իր անվանումով, յուրօրինակ նշանաբանով և ցուցապաստառներով, որոնք ունեին իրենց իմաստն ու նշանակությունը:
Խաղավարը նախապես թիմերին և ժյուրիի անդամներին ներկայացրեց մրցույթի անցկացման կանոնները և ընթացակարգը։ «Գանձեր որոնողներին»  ողջունեցին կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի սաները՝  «Հայաստան  իմ չքնաղ» երգով:
Խաղ-վիկտորինան անցկացվեց 3 փուլով. հնչեցին բլից հարցեր, տրամաբանական խնդիրներ ու գլուխկոտրուկներ: 
Չնայած խաղ-վիկտորինայում ընտրված էին տարբեր բնագավառներից հարցեր, այնուամենայնիվ միջոցառման հիմքում ընկած էին հայրենասիրական վեհ գաղափարները:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց առավելագույն միավորներ հավաքած  «Խաղաղություն»  թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «Զինվորներ»-ը և  «Ծովահեններ»-ը: 
Կենտրոնի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանը շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և հանձնեց պատվոգրեր՝ հորդորելով զինվել գիտելիքներով և շարունակել «գանձեր» որոնելու ուղին։
 
 Հ. Սարգսյան
        
02/03/2018