«Ընտանիք» կենտրոն. «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում փետրվարի 19-ին անցկացվեց «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: 
Միջոցառման նպատակն էր թումանյանական խոհափիլիսոփայական խրատներով դաստիարակել բարություն, աշխատասիրություն և ընկերասիրություն, արժևորել «Գիրքը» որպես մշակույթ կրող և ազգապահպանման հիմնական աղբյուր: 
Ցերեկույթը սկսվեց «Վերնատան» պատկերով՝ բեմում հավաքվել էին «հայ մեծանուն գրողներ», «մտավորականներ», «հրապարակախոսներ», ովքեր քննարկում էին հայ ժողովրդին հուզող խնդիրները: Հայ մեծերի կերպավորումներով և սահուն խաղով սաները  պատկերավոր ձևով ներկայացրին հայ գրականության Պառնասում տեղ գտած մտավորականների ավանդը: 
Հետաքրքիր լուծումներով հանդես եկան նաև թումանյանական խրատներով սերմանված փոքրիկները. նրանց մտքերն ու երազանքները պայծառ էին, լավատեսական... Յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանեց Թումանյանի քառյակները՝ ներկայացնելով բանաստեղծի մտայնությունները կյանքի, հավերժության և փիլիսոփայության վերաբերյալ: 
Միջոցառման ընթացքում սաներն իրենց խոնարհումն ու հարգանքը բերեցին բանաստեղծին՝ արժևորելով նրա ավանդը հայկական մշակութային կյանքում: Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները գեղարվեստական և հեղինակային գրքեր նվիրեցին հանդիսատեսին՝ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու ակնկալիքով: 
Տպավորիչ էր թատերական արվեստի խմբակի փոքրիկ դերասանների «Ոսկու արտը» հեքիաթի անկաշկանդ բեմական խաղը՝ կերտած թումանյանական կերպարներով, որն արժանանանացավ  հանդիսատեսի գնահատանքին: 
Միջոցառումն ավարտվեց պարարվեստի խմբակի սաների կողմից ներկայացված «Հարսանեկան պարով»:
 
Փոխտնօրեն՝  Ս. Էլբակյան                                                                
 
       
23/02/2018