«Ընտանիք» կենտրոն. «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես Գյումրու Խաչքարերի պուրակում

Հոկտեմբերի 17-ին Գյումրու Խաչքարերի պուրակում ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես՝ գեղանկարչության, կավագործության և փայտարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքն աշնանային գույներով, ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները:
Ցուցահանդեսին սաները պատրաստվել էին երկար. սեպտեմբեր ամսին քաղաքի տեսարժան և պատմամշակութային վայրերում կատարեցին էտյուդներ, այցելեցին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: Մշակութային օջախներում դեռահասներն ուսումնասիրեցին հայտնի գյումրեցիների արվեստը, ծանոթացան Գյումրվա առօրյային, մշակույթին ու պատմությանը:
Ցուցադրությանը ներկա էին կենտրոնի մանկավարժները, սաները, արվեստագետներ: Ներկաները և անցորդները մեծ հետաքրքրությամբ դիտեցին փայտե, կավե և գեղանկարչական աշխատանքները և տեղում սաների կողմից աշնանային տեսարանների պատկերման գործընթացը: Դեռահասներն անցորդներին և իրենց աշխատանքներով հետաքրքրված անձանց ներգրավեցին նաև կազմակերպված նկարչական ֆլեշմոբին:  Մասնակիցները տպավորված էին ու ոգևորված: Ներկաներն իրենց հիացմունքն արտահայտեցին ստեղծագործող սաների աշխատանքների վերաբերյալ:
 
Ա.Մուրադյան
         
21/10/2019