«Ընտանիք» կենտրոն. «Իր ժամանակի գունեղ վկան» խորագրով միջոցառում և ցուցահանդես

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 8-ին հյուրընկալեց արդի գեղանկարիչ, դոցենտ Արմեն Լոռենց Հարությունյանին: «Իր ժամանակի գունեղ վկան» խորագրով միջոցառմանը գեղանկարչության խմբակի սաներն առանձնահատուկ կերպով էին պատրաստվել. դեռահասներն ուսումնասիրել էին գեղանկարչի ուրույն ձեռագիրը և ստեղծագործել Արմեն Լոռենցի նկարչական ոճին ու լոռվա հեքիաթային բնաշխարհին համահունչ: 
Միջոցառման առաջին մասում սաները ներկայացրին Արմեն Հարությունյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որին զուգահեռ սահիկաշարով ցուցադրվեց նկարչի վրձնած կտավները՝ հարուստ, սիրաշաղախ, լուսավոր ու գունեղ:
Կենտրոնի երգարվեստի, պարարվեստի և դուդուկի խմբակները պատվավոր հյուրին ողջունեցին նաև գեղարվեստական ելույթներով:
Արվեստագետի հետ հանդիպմանը սաները երկար էին սպասել և պատրաստել էին հարցեր, որոնց մեծ սիրով պատասխանեց վարպետը: Պատանիներն հնարավորություն ունեցան մասնակցելու նկարչի կողմից վարպետության դասերի անցկացմանը: Պատանի նկարիչները ուշիմությամբ հետևեցին նրա վրձնին ու ներկապնակին, ականջալուր եղան խորհուրդներին:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը երախտիքի խոսքեր ուղղեց արվեստագետին և հանձնեց շնորհակալագիր՝ կենտրոնի հետ համագործակցելու, մշակույթի բնագավառում սաներին ոգեշնչելու և վարպետության դասեր իրականացնելու համար:
«Ես անցել եմ բոլոր մարզերով և կարող եմ ասել, որ գեղագիտական դաստիարակության համակարգն այս կրթօջախում դրված է բարձր մակարդակի վրա: Փառք Աստծո, որ նման կրթօջախներ կան, որ պահում են մեր մշակույթը, արժեքները և ամենակարևորը՝ մեր ազգայինը: Շատ տպավորված եմ, զգացված նման ջերմ ընդունելության և պատվի համար»,- իր ելույթում նշեց Արմեն Լոռենցը:
Նման հանդիպումներն իսկապես ոգեշնչման աղբյուր են արվեստի աշխարհ մուտք գործող սաների համար:
 
Հ.Սարգսյան
    
19/11/2019