«Ընտանիք» կենտրոն. «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով ծրագիր

Հայաստանի աղն ես, Գյումրի՛,
Դու խոսքաշեն, սրամիտ
Ճշմարտախոս թաղն ես, Գյումրի՛,
Դու իմաստուն, միամիտ:
Հովհ. Շիրազ
 
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը իրականացրեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով բազմաբովանդակ միջոցառումների շարք՝ նվիրված արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:
Ծրագրի նպատակն էր ներկայացնել վերածնված քաղաքի առաջընթացը տարբեր բնագավառներում, գյումրեցու անկոտրուն ոգին, երկրաշարժից ծնունդ առած «Ընտանիք» կենտրոնի դերն ու նշանակությունը, ստեղծել կամուրջ հնի և նորի միջև, հարգել անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաև գնահատել բարեկամ երկրների օգնության անուրանալի դերը ավերիչ երկրաշարժի փրկարարական և վերականգնողական աշխատանքներում:
Այս առիթով կենտրոնը համախմբեց և ծրագրին մասնակից դարձրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների դպրոցների դեռահասներին և ջավախքահայ պատանիներին: Հյուրընկալվելով «Ընտանիք» կենտրոնում՝ մասնակիցները ծանոթացան կենտրոնի գործունեությանը և ըստ իրենց նախասիրությունների՝ մասնակցեցին ազգային արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի գործնական դասընթացներին:
«Ինձ ավելի շատ հետաքրքրեց խեցեգործությունը: Այս արվեստում ինձ գրավեց այն, որ կավը կարծես շնչում էր ձեռքերիս մեջ, ես կարողացա դրանից պատկեր ստանալ ու պատրաստել այն, ինչը ես ցանկացա»,- նշեց Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի դեռահաս Մերի Առաքելյանը:
Ծրագրի շրջանակում տավուշցի, ջավախքցի դեռահասների և «Ընտանիք» կենտրոնի սաների համար կազմակերպվեցին «Գյումրու պատմամշակութային անցյալը» թեմայով սեմինար, «Գյումրի.  անցյալն ու ներկան» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում, որոնց միջոցով մասնակիցները ծանոթացան և պատկերացում կազմեցին հին ու վերակառուցվող Գյումրու հարուստ պատմությանը, մշակութային անցուդարձին, անկոտրում գյումրեցիների մասին պատմող պատմություններին: 
Դեռահասների համար տպավորիչ էր վաստակաշատ գյումրեցի արվեստագետների ու  մշակութային գործիչների հետ հանդիպումը.  էթնոհոգեբան, ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը ներկայացրեց սեփական ուսումնասիրութունները «Գյումրին երազների մեջ» թեմայի շուրջ։ Իսկ Գյումրուն բնորոշ արհեստի ու արվեստի, քաղաքի ինքնատիպ ու ներդաշնակ ոճի, ավանդույթների ու սովորույթների մասին պատմեց Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը։ Հետաքրքրական էր նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի հաղորդած ուշագրավ տեղեկություններն անվանի գյումրեցիների մասին։
Շիրակի մարզի պատմամշակութային, հոգևոր արժեքներին և մեծանուն հանճարեղ գյումրեցիների կյանքի շատ մանրամասնություններին ծանոթացնելու նպատակով մասնակիցների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Շիրակի մարզի վանական համալիրներ, Սև Բերդ, Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի, Ավ. Իսահակյանի թանգարաններ:
«Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել գյումրեցի մեծ հանճարների տուն-թանգարաններում, ոտք դնել այնտեղ, որտեղ նրանք ապրել, արարել ու ստեղծագործել են: Շնորհակալություն եմ հայտնում «Ընտանիք» կենտրոնին՝ մեզ այս ամենին հաղորդ դարձնելու համար,-իր տպավորություններով կիսվեց Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի սան Արման Արզումանյանը:
 «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով միջոցառումների շարքը եզրափակվեց հոկտեմբերի 1-ին։ Տավուշի, Ջավախքի դեռահասներն ու կենտրոնի սաները մանկավարժների ուղեկցությամբ նախ այցելեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում գտնվող Խաչքարերի պուրակ, ծաղկեպսակ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ, ծանոթացան Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակներով  ստեղծված նմուշներին և մասնակից դարձան «Ընտանիք» կենտրոնում կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը։ 
Ծրագրի փակմանը ներկա էին արվեստագետներ, հոգևորականներ, մանկավարժներ, ծնողներ, պատանի ստեղծագործողներ։ Միջոցառման ընթացքում սաները ներկայացրին նաև երկրաշարժից հետո ծնունդ առած «Ընտանիք» կենտրոնի հիմնադրումը, անդրադարձան նոր մասնաշենք տեղափոխման 10-ամյա գործունեությանը:
Կենտրոնի պարարվեստի, երգարվեստի, դուդուկի, մարտական արվեստի խմբակների սաներն իրենց ելույթներով շնորհավորեցին վերածնվող քաղաքի տոնը և ևս մեկ անգամ ընդգծեցին պատվախնդիր ու աշխատասեր գյումրեցու  չկոտրվելու, նորից արարելու և լուսավառ գալիքը կերտելու կամքը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, ամփոփելով ծրագիրը, շնորհակալություն հայտնեց միջոցառումների մասնակիցներին ներկայության և ակտիվ մասնակցության համար։ Տնօրենը ներկայացրեց նաև մարտ-սեպտեմբեր ամիսներին անցկացված թեմատիկ ստեղծագործական մրցույթի արդյունքները: Պատվոգերի և մեդալների արժանացան տարբեր ոլորտներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակները: 
Շիրակի, Տավուշի մարզերի և Ջավախքի դեռահասների միջև ստեղծվեց սերտ, ընկերական փոխհարաբերություններ, որոնք նրանք խոստացան պահպանել և դարձնել շարունակական: Դեռահասները տուն դարձան վերաիմաստավորված ուխտով՝ հիշելու, աղոթելու, ապրելու և արարելու ձգտումով:
 
Հ. Սարգսյան
                                                
05/10/2018