«Ընտանիք» կենտրոն. «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր

ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձոր քաղաքում հուլիսի 18-ից 26-ը իրականացրեց «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր:
Ծրագրին մասնակցեցին ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմությամբ և մասնագիտական ձեռքբերումներով աչքի ընկած «Ընտանիք» կենտրոնի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սաները, Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի «Հայարտուն» և Սամցխե-Ջավախեթի մարզի կրթամշակութային կենտրոնների պատանիները:
Ամառային դպրոցի նպատակն էր աջակցել մասնակիցների բարեկամական կապերի ամրապնդմանը, ստեղծել տարածաշրջանային մշակութային երկխոսություն, նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական  գաղափարներով դաստիարակված անձի ձևավորման գործընթացին, ամրապնդել երիտասարդների գիտելիքները ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի, ազգային բանակում ծառայելու, ՏՏ ոլորտի վերաբերյալ, կազմակերպել ազգային արհեստի և արվեստի մասնագիտական դասընթացներ:
Ամառային դպրոցի մասնակիցներն առաջին օրը հանդիպեցին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հետ և ստացան նրա օրհնությունը:
Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին և իրականացվեցին բազմաբովանդակ միջոցառումներ: 
Տարբեր տարածաշրջանների դեռահասներն ակտիվորեն մասնակցեցին սեմինարների՝ «Այլընտրանքային էներգիայի կարևորությունը Հայաստանում», «Ռոբոտաշինության և կապի միջոցների զարգացման ուղիները», «Ձեռնարկատիրության և սոցիալական ձեռներեցության կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում»,  «Շրջակա միջավայր», «Կանխել ծխելը»,  «Առողջ սնունդ», «Ինչպե՞ս մշակել գրագետ ինքնակենսագրական /CV-ի/», «Ինչպե՞ս գրել մոտիվացիոն նամակ», «Ինչպե՞ս ներկայանալ գործատուին» թեմաներով, որոնք ներկայացվեցին հրավիրված մասնագետների կողմից, և ծավալվեց բուռն քննարկում: 
 Նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ կենտրոնի սաների ստեղծած  ռոբոտների ցուցադրությունը դիտելուց և այս ոլորտում Էստոնիայի Տարտուի համալսարանի ուսանող Արամ Խաչատրյանի փորձն ու արտասահմանում ուսուցումը կազմակերպելու գործնական քայլերն ունկնդրելուց հետո, դեռահասներին առավել հետաքրքրեց ՏՏ ոլորտը:
Ծրագրի մասնակիցներին գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով ներկայացվեցին հայրենյաց պաշտպանների անպարտելի ոգու, հայրենասիրության, նվիրվածության և խիզախության մասին պատմական իրադարձություններ և հերոսական դրվագներ:
Ռազմամարզական խաղերի և վարժանքների օգնությամբ մասնակիցները պատկերացում կազմեցին բանակային առօրյայի մասին, որոնց ընթացքում բոլորն աչքի ընկան ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, հաղթահարեցին իրենց առջև դրված խնդիրները:
Ամառային դպրոցի մասնակիցների համար անսպասելի էր մասնակցել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպած առաջին բուժօգնության, տարհանման կազմակերպման դասընթացներին, որոնց ժամանակ դեռահասները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ու ցուցադրել սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքները,  ճիշտ կազմակերպել գործողությունների հերթականությունն արտակարգ իրավիճակի պայմաններում:
Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման նպատակով անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի և բադմինտոնի մրցումներ:
Մասնակիցների համար ուսանելի էր նաև արհեստի և արվեստի «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացներին մասնակցությունը: Դեռահասները հետաքրքրված էին նկարչությանբ, խեցեգործությամբ, բատիկայով, ուլունքագործությամբ և գոբելենագործությամբ, սիրով մասնակցեցին ազգային, ժողովրդական ու ռազմական պարերի և հայրենասիրական երգերի ուսուցմանը: 
«Այս ծրագիրը հիանալի առիթ էր հասկանալու համար, թե որքան կարևոր է սփյուռքահայերի կապը հայրենակիցների և Հայաստանի հետ: Մշակութային հաղորդակցման  շնորհիվ լինում ենք միասնական և կարևոր է չմոռանալ հայկականը ու չձուլվել այլ ազգերի հետ: Օտար հողի մեջ շատ դժվար է պահել ազգայինը և դաստիարակվել հայեցի: Այստեղ սովորեցի շատ հայկական երգեր, ազգային արհեստի ու արվեստի վարպետաց դասերի շնորհիվ ավելի լավ ծանոթացա հայկական մշակույթին»,- կիսվեց իր տպավորություններով  Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սան Գայանե Դավթյանը:
Թբիլիսիի, Ջավախքի, Շիրակի մարզի դեռահասների կողմից հայրենի բնօրրանների վերաբերյալ տեղեկատվության հաղորդման շնորհիվ ծրագրի մասնակիցները ծանոթացան և պատկերացում կազմեցին տվյալ տարածաշրջանի պատմության, մշակույթի և ապրելակերպի մասին:
«Այսպիսի ծրագրերը պետք է շարունակական լինեն, որովհետև տարբեր տեղերից ժամանած հայ երիտասարդների համար սոսնձող դեր ունեն, բոլորին համախմբում են մեկ միասնական գաղափարի շուրջ, որից էլ գալիս է մեր ամրությունը»,- իր տպավորություններն էր արտահայտել ջավախահայ պատանի Նահապետ Ակօջյանը:
Ծրագրի շահառուների համար կազմակերպվեցին նաև ուխտագնացություն, Ճանաչողական էքսկուրսիա և արշավ, որոնց ընթացքում պատանիները նոր բացահայտումներ  կատարեցին մեր մշակութային արժեքների և հայկական ճարտարապետության վերաբերյալ:
Մասնակիցների համար հիշարժան ու տպավորիչ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, ով այցելեց ամառային դպրոց և ծանոթացավ ծրագրի նպատակներին և շահառուների առօրյային:
Ամառային դպրոցը հյուրընկալեց նաև ԱՄՆ-ից ժամանած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության սկաուտական խմբին, ովքեր պատանիների հետ համատեղ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան կազմակերպված միջոցառումներին:
Ծրագրի փակումն ազդարարվեց հրաժեշտի խարույկով, որի շուրջ մասնակիցները բռնեցին միասնական շուրջպար՝ ի նշան  համախմբվածության և ստեղծված ջերմ ընկերական հարաբերությունների:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, ռազմական խաղերում, սեմինարներում և տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած պատանիներին ու խմբերին:
Ծրագրի մասնակիցներն իրենց տպավորություններն ու ցանկություններն արտահայտեցին հարցաթերթիկների և խորհրդանշական դարձած պաստառի վրա, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ամառային դպրոցում նոր ձեռք բերած ընկերների, օգտակար գիտելիքների, ուսուցողական, անմոռանալի ու տպավորիչ օրերի համար:
  
Հ.Սարգյան
              
30/07/2019