«Ընտանիք» կենտրոն. «Հավատքի պատերազմը» խորագրով երաժշտական ներկայացում

Մայիսի 8-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում երգարվեստի խմբակի սաների և խմբավարի նախաձեռնությամբ անցկացվեց «Հավատքի պատերազմը» խորագրով երաժշտական ներկայացում՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: 
Ցերեկույթին ներկա էին ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը, պատմաբան Վահագն Հովհաննիսյանը, կենտրոնի տնօրինությունը, մանկանարժներ, ծնողներ և սաներ։ 
Միջոցառման մասնակիցներն, առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց›› գաղափարով, ներկայացրին հայ ժողովրդի հոգևոր կյանքի անկախության և հավատքի համար մղած պայքարը, ազգային ինքնությանը հավատարիմ մնալու կամքը և դժվարին փորձությունների դիմակայելու պատրաստակամությունը: Վարդանանց հերոսների կերպարները մարմնավորած սաները՝ ներկաներին փոխանցեցին ինքնակամ ու գիտակցաբար մահվանն ընդառաջ գնալու և դրանով իսկ անմահանալու խորը գիտակցությունը: Թատերական ներկայացմանը զուգահեռ երգարվեստի խմբակի սաները հանդես եկան յուրաքանչյուր տեսարանին բնորոշ քառաձայն երգերով և շարականներով՝ նվիրված Սրբոց Վարդանանց նահատակներին։ 
Տպավորիչ էր «Վարդան Մամիկոնյանի» մահվան ու հարության տեսարանի բեմականացման խորհուրդը. «Սպարապետ»-ը կանգնած է հայ զինվորի թիկունքին և ուժ է տալիս նրան չերկնչել թշնամիներից։
Միջոցառման ավարտին սաները ներկաների հետ ուխտեցին պահպանել քրիստոնեական հավատքն ու դավանանքը, հետևել Վարդանանց քաջերի օրինակին և շարունակել հաստատել հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը և ներկա հյուրերն իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին՝ դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու համար, իսկ սաներին հորդորեցին լինել նախնյաց արժանավոր զավակներ:
 
Ա.Թանաշեան
      
15/05/2018