«Ընտանիք» կենտրոն. «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 27-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:
Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև սերմանել բնությունը «արթնացնելու» և պահպանելու ցանկություն։ 
Ծրագրի շրջանակում հայտարարվել էր «Անավարտ ամանորյա հեքիաթը» թեմայով հեքիաթի և էսքիզների մրցույթ: Գյումրիում և վերոնշյալ համայնքներում գործող «Ընտանիք» կենտրոնի սաները մրցույթի արդյունքում ընտրված հեքիաթին համապատասխան ստեղծել էին հետաքրքրիր էսքիզային կերպարներ: 
Համայնքաբնակ դեռահասներն ու մանկավարժները մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունեցին հասակակիցներին: Մասնակիցները առանձնակի աշխուժությամբ ու անհամբերությամբ սպասում էին տեսնելու սեփական մտքերի արգասիքը: Խմբերի բաժանվելուց հետո դեռահասները ձեռնամուխ եղան ձյունով վերոնշյալ հեքիաթի հերոսների մարմնավորման գործընթացին: Յուրաքանչյուր խունբ շտապում  էր տեսնել վերջնարդյունքը: Ձյունե արձաններ ստանալուց հետո նրանք ձևավորեցին աշխատանքները և դասավորեցին հեքիաթային տեսարանին համապատասխան: Կենտրոնի սաներն իրենց պատրաստած յուրօրինակ մաղթանքներով լրացրեցին ամանորյա զարդարանքները և հեքիաթային տեսարանները:
Լավագույն ստեղծագործությունները գնահատվեցին կենտրոնի տնօրինության և մասնագետների կողմից: Համայնքների և «Ընտանիք» կենտրոնի ակտիվ դեռահասները պարգևատրվեցին պատվոգրերով: 
«Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառումը եզրափակվեց ամանորյա երգ ու պարով, ասմունքով և միասնական շուրջպարով:
Հետևելով սաների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը՝ համայնքներում կազմակերպվեցին նաև   ձմեռային սպորտային և ավանդական խաղեր:
Համայնքներում ողջունեցին հետաքրքրիր և բովանդակալից նախաձեռնության անցկացումը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ինքնուրույն կազմակերպել նմանօրինակ միջոցառում և այն դարձնել ավանդույթ: 
Ամանորյա տոնական և ուրախ մթնոլորտը տարածվել էր ամենուր՝ ազդարարելով գալիք տարվա նախամուտը: 
 
Հ. Սարգսյան
        
29/12/2017