«Ընտանիք» կենտրոն. «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային

Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային: 
Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական արվեստի նկատմամբ:
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, մանկավարժներ, ֆրանսախոսներ, ծնողներ և սաներ:
Ցերեկույթը սկսվեց կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրների գործունեության ներկայացմամբ և համապատասխան տեսանյութի ցուցադրմամբ: Սաները բեմականացման միջոցով ներկայացրին կինեմատոգրաֆիայի ծագման պատմությունը:  Փոքրիկ «գյուտարարների» կերպարը համոզիչ էր և ոգևորող: Նրանք կարողացան հանդիսատեսին մտովի տեղափոխել 19-րդ դար: 
Տպավորիչ էր նաև Լյումիեր եղբայրների ստեղծած 10 ֆիլմերի ցուցադրումը՝ զուգահեռ ներկայացվող սյուժեների մեկնաբանմամբ: Ֆրանսախոս դեռահասները ներկաներին հաղորդեցին կարևոր փաստեր՝ ի պատիվ կինեմատոգրաֆիայի գյուտարարների: 
Միջոցառման ընթացքում գեղանկարչության խմբակի սան Վահրամ Համբարյանը, մարմնավորելով հայտնի ֆրանսիացի նկարիչ Առնո Քուղլե դը Վղեժիլին, տեղում նկարեց Լյումիեր եղբայրների դիմանկարները և սիրով նվիրեց ֆրանսերենի խմբակին:
Ցերեկույթը եզրափակեց երգարվեստի խմբակի սան Գրիգոր Գալաջյանը՝ Շառլ Անզնավուրի «Կյանք ու սեր» երգի ֆրանսերեն կատարմամբ:
 
Վ. Նահապետյան
   
28/03/2018