«Ընտանիք» կենտրոն. կայացավ 2017-2018 ուսումնական տարվա հաշվետու ստուգատեսը

Հունիսի 25-ից հուլիսի 6-ն ամփոփվեց ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի համայնքներում գործող կենտրոնի խմբակների 2017-2018 ուսումնական տարվա կատարած աշխատանքների արդյունքները: 
Կենտրոնի բոլոր մասնագիտական խմբերը ներկայացան հաշվետու ստուգատեսով: Անցկացված ցուցահանդեսների, գեղարվեստական, ցուցադրական ելույթների և հարցաշարերի միջոցով ստուգվեց և գնահատվեց սաների ստացած գիտելիքները, գործնական կարողությունները և ձեռքբերումները, որոնք  բարձր գնահատականի արժանացան մասնագետների ու ծնողների կողմից: 
Ուսումնական տարվա ընթացքում կենտրոնի սաները մասնակցել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, մրցաշարերի, մարզային, քաղաքային միջոցառումների, ցուցաբերել նշանակալի արդյունքներ՝  ստանալով բազմաթիվ պատվոգրեր և մեդալներ:  
Հաշվետու համերգին, որը կայացավ հուլիսի 6-ին «Ընտանիք» կենտրոնում հանդես եկան կենտրոնի պարարվեստի, ազգագրական երգ ու պարի, դուդուկի, թատերական արվեստի, մարտական արվեստի, վարսավիրական արվեստի խմբակների սաները: Ելույթներում զգալի էր մանկավարժների և սաների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Գնահատանքի և շնորհակալական խոսքեր հնչեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ նվիրական աշխատանքի, կրթադաստիարակության, դեռահասների մասնագիտական կողմնորոշման ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար: 
Միջոցառման ավարտին փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը, ամփոփելով ուսումնական տարվա արդյունքները, կարևորեց արտադպրոցական կրթության դերը՝ սաների ռազմահայրենասիրական և գեղագիտական դաստիարակության գործում: Նա շնորհակալություն հայտնեց նաև ծնողներին՝ մշտապես համագործակցելու համար, մանկավարժներին ու սաներին մաղթեց նոր ուսումնական տարում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ: 
 
Ս. Սահակյան
                
10/07/2018