«Ընտանիք» կենտրոն. կայացավ 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու ստուգատեսը

Հունիսի 27-ից հուլիսի 10-ը ամփոփվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում սաների ձեռք բերած արդյունքներն ու առաջընթացները: 
Կենտրոնում գործող թվով 31 մասնագիտական խմբակների շուրջ 1467 սաներ ներկայացան և ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները կազմակերպված ցուցահանդեսների, համերգների, գեղարվեստական, ցուցադրական ելույթների, թատերական ներկայացումների միջոցով, որոնք բարձր գնահատականի արժանացան տնօրինության, արհեստի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչների և ծնողների կողմից: Հարցաշարերի միջոցով ևս ստուգվեց սաների ստացած գիտելիքները: 
Ուսումնական տարվա ընթացքում կենտրոնի սաները մասնակցել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, մրցաշարերի, մարզային և քաղաքային միջոցառումների՝ ցուցաբերելով նշանակալի արդյունքներ և արժանանալով բազմաթիվ դիպլոմներ, պատվոգրերի, մեդալների, Գրան Պրի մրցանակների:  
Ցուցադրված աշխատանքներում և ներկայացված ելույթներում զգալի էր մանկավարժների և սաների ամենօրյա քրտնաջան, պարտաճանաչ, պատասխանատու, հետևողական աշխատանքի արդյունքը: Գնահատանքի և շնորհակալական խոսքեր հնչեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ նվիրական ջանքերի, սաների հետ տարած կրթադաստիարակչական աշխատանքներ  ի, դեռահասների մասնագիտական գիտելիքների և կողմնորոշման ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար: 
Միջոցառումների ընթացքում տնօրեն Արթուր Մինասյանը, ամփոփելով ուսումնական տարվա արդյունքները, կարևորեց արտադպրոցական կրթության դերը՝ սաների բազմակողմանի զարգացման և գեղագիտական դաստիարակության գործում: Նա շնորհակալություն հայտնեց նաև ծնողներին՝ ծնող-կենտրոն-սան կապը մշտապես պահելու համար, մանկավարժներին ու սաներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ: Տնօրենը պարգևատրեց ուսումնական տարվա ընթացքում առաջադիմություն ցուցաբերած սաներին և ուսումնական ծրագրերը յուրացրած սաներին հանձնեց վկայագրեր:
 
Ս. Սահակյան
     
16/07/2019