«Ընտանիք» կենտրոն. Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարք

«Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...: Կոմիտաս
 
ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն այս տարի մեծ շուքով նշում է հայ երաժշտության «փրկչի»՝ մեծն Կոմիտասի հոբելյանական 150-ամյակը: «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարքում սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, Հառիճի վանական համալիրում մեկնարկվեց կոմիտասյան համերգաշարը: 
Ծրագրի նպատակն է գնահատել Կոմիտասի մեծությունը՝ որպես հայ երգի զարգացման հիմնաքար, երաժշտական ազգագրության ռահվիրա և հայկական դասական երաժշտության հիմանադիր, ներկայացնել նրա թողած հարուստ ժառանգությունը և արժևորել երաժշտական հանճարի յուրահատուկ ստեղծագործական ոճը, հանրությանը ծանոթացնել մշակութային նոր արժեքների: 
Տիգրան Մանսուրյանի անվան Արթիկի մշակույթի կենտրոնի հետ համատեղ պատրաստած միջոցառմանը ներկա էին Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը, սարկավագներ, արվեստագետներ և տեղաբնակներ:
Հոգևոր երգեր և կոմիտասյան ստեղծագործություններ հնչեցին եկեղեցու ներսում՝ երգչախմբերի, դուդուկի և հարմոնիումի կատարմամբ: Հարկ է նշել, որ նորամուտ հարմոնիումն առաջին անգամ գործածվեց եկեղեցում, որն «Ընտանիք» կենտրոն է տեղափոխվել Ֆրանսիայից՝ ֆրանսահայ բարերար, երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի ջանքերով՝ նպատակ ունենալով կենտրոնում  հիմնել երգեհոնի դասարան և տարածաշրջանում նախատիպը չունեցող երգեհոնաշինարարական դպրոց:
Միջոցառման երկրորդ մասը շարունակվեց դրսում, որտեղ երկու հաստատությունների սաներն անհատական և խմբային կատարումներով հանդես եկան կոմիտասյան հնչյունների ներքո և ներկայացրին Ամենայն հայոց երգի Վեհափառի կյանքը, ստեղծագործական գործունեությունը և հավաքագրած ու մշակած մաքրամաքուր երաժշտությունը:
«Շատ եմ կարևորում այս համատեղ կազմակերպած միջոցառումը, քանզի սաները սովորում են մեկը մյուսից, կրթվում ու դաստիարակվում, որը ոչ միայն նրանց, այլև ամբողջ համայնքի համար է ուսանելի: Կոմիտասը՝ մեր հանճարը մոռացումից փրկեց մի ամբողջ ժողովրդի դարավոր մշակույթ: Ուստի մենք պարտավոր ենք մատաղ սերնդին կրթել կոմիտասյան երգերով, որպեսզի պահպանենք մեր ժառանգությունը և փոխանցենք հաջորդ սերունդներին»,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանի անվան Արթիկի մշակույթի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հարությունյանը:
Միջոցառումը եզրափակվեց միասնական շուրջպարով:
Նույն համերգային ծրագրով «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու սաները հանդես եկան նաև Շիրակի մարզի Անի համայնքում և Ջավախք աշխարհում: Համերգաշարը կանցկացվի նաև մարզի Աշոցք, Ամասիա, Հայկաձոր և Ջրափի համայնքներում:
Ախալքալաքի, Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կենտրոններում ևս անցկացվեցին համատեղ միջոցառումներ:
Ախալքալաքի և Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնների պատասխանատու Կարինե Թադևոսյանը կարևորեց նման փոխայցելությունները սփյուռքում գտնվող կրթօջախների և հայաբնակների համար, դեռահասների փոխադարձ շփումը, որոնք  նպաստում ու խթանում են հայապահպանությանը, սաներին դաստիարակում ազգային արժեքներով և կոմիտասյան երաժշտությամբ:
ՀԱՍԵ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանն իր և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի կողմից շնորհակալագիր հանձնեց «Ընտանիք» կենտրոնին՝ Ջավախքի հայ երիտասարդական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, արդյունավետ փոխայցելությունների կազմակերպման, Ամենայն Հայոց բանաստեղծ Հ.Թումանյանի և հայ ազգային երգարվեստի հիմնադիր Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հանդիսությունը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Այո՛, հայկական ժողովրդական երգը՝ հանձին Կոմիտասի, գտել է իր ամենացայտուն վարպետին, որը  ապացուցեց, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Հայ երաժշտության զարգացմանը նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի, հասկանա Կոմիտասին և լինի շարունակողը, տարածողն ու պահպանողը  դարավոր հայկական մշակույթի:
 
Հ. Սարգսյան
                
03/10/2019