«Ընտանիք» կենտրոն. հայկական ծիրանափողը հնչեց լեհ երաժշտի կատարմամբ

«Ընտանիք» կենտրոնի նախաձեռնած կոմիտասյան համերգաշարը շարունակվեց նաև նոմեմբերի 1-ին:  «Ընտանիք» կենտրոնն այս անգամ հյուրընկալել էր լեհ երաժիշտ, կոմպոզիտոր Զոֆիա Տրիստուլա Հովհաննիսյանին, ով հետաքրքրված է հայկական երաժշտությամբ, հատկապես հայկական ծիրանափողով:
Համերգը սկսվեց կենտրոնում վերջերս ձևավորված դհոլի խմբակի անդրանիկ ելույթով, որը բուռն արձագանք ստացավ հանդիսատեսի կողմից:
Կենտրոնի դուդուկի խմբակի սաները, խմբավար Գոռ Մանուկյանը՝ լեհ երաժշտի հետ համատեղ ներկայացրին Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Շերամի ստեղծագործությունները և հայկական ժողովրդական երգեր դուդուկի դյութիչ մեղեդիներով:
Նշենք, որ Զոֆիա Տրիստուլի Հովհաննիսյանը անդամ է նաև «Օրգանիք Նոյզիս» խմբի, որը ներկայացնում է հայկական ժողովրդական երաժշտությունը ջազի տեսքով: Խումբը 2019 թվականի հուլիսին թողարկվել է առաջին ձայնասկավառակը՝ որպես հարգանքի տուրք 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Համերգի ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհակալագիր հանձնեց Զոֆիա Տրիստուլա Հովհաննիսյանին՝ համագործակցության և հայկական մշակույթի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն ցուցաբերելու համար: Լեհ երաժիշտը երախտիքի խոսքեր հղեց ներկաներին և ցանկություն հայտնեց հետագայում ևս համագործակցելու «Ընտանիք» կենտրոնի հետ:
 
Հ. Սարգսյան
     
06/11/2019