«Ընտանիք» կենտրոն. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ամառային դպրոցի մասնակիցների հետ

ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորում անցկացրած «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոցում հուլիսի 22-ին հյուրընկալեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ծրագրի մասնակից Շիրակի մարզի դեռահասները, թբիլիսահայ ու ջավախահայ պատանիները աղ ու հացով, խրոխտ հայկական երգ ու պարով, մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ դիմավորեցին երկրի ղեկավարին: Նախագահը հետևելով առօրյային՝ ծանոթացավ առանձին տաղավարներում ներկայացված ազգային պարերի ու հայրենասիրական երգերի,   արհեստի ու արվեստի  բացօթյա դասընթացներին և աշխատանքային գործընթացին: 
Արմեն Սարգսյանին գրավեցին «Ընտանիք» կենտրոնի սաների մտքի և ձեռքի, ազգայինի ու ավանդականի համադրմամբ ստեղծած ինքնատիպ աշխատանքները: Նա հետաքրքրվեց և հարցեր ուղղեց ցուցադրված նմուշների պատրաստման և կիրառելիության վերաբերյալ, առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրեց ռոբոտաշինության ոլորտը, որին զուգահեռ ընթանում էր նաև նախնական զինվորական պատրաստվածության  վարժանքներ: Կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները նախագահին ներկայացրին իրենց նախագծած և ստեղծած աշխատանքները՝ նշելով, որ աշխատում են նոր ծրագրերի ու համակարգերի ստեղծման ուղղությամբ, փորձում են կատարելագործել արդեն պատրաստի ռոբոտները: Նախագահ Ա. Սարգսյանը կենտրոնի սաներին հորդորեց լիարժեք օգտագործել իրենց ներուժը և խորացնել գիտելիքներն այս ոլորտում:  
Երկրի ղեկավարը հրաժեշտ տվեց ամառային դպրոցի մասնակիցներին և իր խորհրդանշական ու խորիմաստ «կնիքը» թողեց «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով պաստառի վրա, որն ավելի ոգևորեց ու ապագայի նկատմամբ լավատեսական զգացումներ հաղորդեց ներկաներին: 
 
Հ.Սարգսյան
  
24/07/2019