«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն Գյումրի քաղաքին նվիրված տոնակատարությանը

Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով տոնվեց Գյումրի քաղաքի օրը, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ «Հայաստանի աղն ես, Գյումրի՛…» խորագրով ծրագրի շրջանակում։ Քաղաքի օրը գյուրեցիների հետ նշեցին նաև Տավուշի ու Ջավախքի դեռահասները։ Տոնական միջոցառմանը կենտրոնը ներկայացավ սաների ստեղծագործ աշխատանքների, նախագծած ու պատրաստած ռոբոտների ցուցադրմամբ։
Դեռահասների մտքի և ձեռքի ստեղծած, Գյումրվա արհեստն ու արվեստն արտահայտող ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին գյումրեցիներին,  քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին և, իհարկե, փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս իր հիացական վերաբերմունքն արտահայտեց «Ընտանիք» կենտրոնի սաների ազգայինի ու ավանդականի համադրմամբ պատրաստած աշխատանքների վերաբերյալ, խրախուսեց նրանց շարունակել ստեղծագործել և նպաստել քաղաքի մշակութային  կյանքի զարգացմանը։ Փոխվարչապետն իր մակագրությունը թողեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով խորհրդանշական պաստառի վրա։ 
Տոնակատարության մասնակիցները Սուրբ Նշան եկեղեցում ծանոթացան նաև ֆրանսահայ բարերար Նարինե Սիմոնյանի նվիրաբերած նորադիր երգեհոնի գործածությանը, որի տեղադրման աշխատանքներին մասնակցել են նաև «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները:
Տոնակատարության ընթացքում ազգային արհեստով ու արվեստով հետաքրքրվող անձանց համար կենտրոնի սաների կողմից  ցուցադրվեց նաև գորգի, կարպետի և արծաթյա իրերի պատրաստման աշխատանքային գործընթաց, կազմակերպվեցին նկարչական և խեցեգործական ֆլեշմոբեր: 
«Ամեն մի աշխատանք խոր իմաստ ունի: Եթե մեր երեխաներն այսպիսի մտածելակերպ ունեն, ուղղակի ապշելու է: Տեսնելով այս աշխատանքները՝ կարելի է ասել, որ քաղաքը կորած չէ. այս հող ու ջուրը տաղանդներ է տալիս: Հիացած եմ, փառավորված և ուրախ, որ ապագա ունի նորից այս քաղաքը նման երեխաներով»,-իր տպավորություններով կիսվեց գյումրեցի Արուսյակ Քեչեջյանը:
 
Հ. Սարգսյան
 
 
                  
05/10/2018