«Ընտանիք» կենտրոն. փառահեղ հաղթանակ «Կովկասյան առաջնություն 2018» միջազգային մրցույթ-փառատոնում

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Կովկասյան առաջնություն 2018» երգի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Կիպրոսի և Ֆիլիպինների ներկայացուցիչներ: Ժյուրիի կազմում էին Լիբանանի, Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Կիպրոսի և Լիտվայի վաստակավոր արտիստներ և արվեստագետներ: Ժյուրիի նախագահն էր օպերային երգչուհի, եվրոպական 6 միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակիր Արևիկ Թանաշեանը, որը նաև Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Լիբանանի մասնաճյուղի նախագահն է:
 7-ից բարձր տարիքային խմբերի մասնակիցները ներկայացան տարբեր ժանրերում՝ ակադեմիական վոկալ, էստրադա, ժողովրդական երգեցողություն, ջազ, փոփ: 
Մրցույթին մասնակցեցին նաև ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի թվով չորս սաներ: Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության  փորձառություն: Նրանք ներկայացան առաջին և երկրորդ տարիքային խմբերում՝ տարբեր անվանակարգերում հետևյալ ստեղծագործություններով.
Նորայր Հակոբյան՝ Էդուարդո Կապուա «Օ~սոլե միո», 
Սարգիս Հակոբյան՝ Վլադիմիր Շահինսկի «Չունգա-Չանգա» 
Կարինե Տիգրանյան՝ Վլադիմիր Շահինսկի «Թևավոր ճոճանակ» 
Գառնիկ Ավագյան՝ Ռուբեն Հախվերդյան «Իմ փոքրիկ նավակ» 
Մրցույթ-փառատոնն անցկացվեց բաց քվեարկությամբ:  
Մասնակից չորս սաներն էլ  իրենց տարիքային խմբերում գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը: 
Մրցույթի ավարտին տեղի ունեցավ գալա-համերգ և մրցանակաբաշխություն, որի ընթացքում  կենտրոնի դեռահասները ստացան պատվոգրեր և գավաթներ, իսկ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնին տրվեց խրախուսական մրցանակ՝ համագործակցության և ակտիվ մասնակցության համար:
Շնորհավորում ենք «Ընտանիք» կենտրոնին՝ փառահեղ հաղթանակի համար: 
 
Ա. Թանաշեան 
          
24/07/2018