«Ընտանիք կենտրոն». Խոնարհումս վարպետին

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսի 21-ին անցկացվեց «Խոնարհումս վարպետին» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակին: 
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակների և «Հայկական զարդանախշեր» պարային համույթի սաները ներկայացրին Վանուշ Խանամիրյանի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Նրանք, թվարկելով մեծ վարպետի կոչումներն ու արժանիքները, փաստեցին, որ արտիստը ժողովրդի հիշողության մեջ մնացել է ոչ միայն որպես շռայլորեն օժտված արվեստագետ, այլև մշակույթի կազմակերպիչ, օրինակելի քաղաքացի և կենսախինդ ու դրական լիցք  ճառագող նահապետ: 
Միջոցառման ընթացքում ցուցաբերելով ինքնատիպ մոտեցում և պահպանելով մեծ պարուսույցի ձեռագիրը՝ պարային խմբերը բեմադրեցին նրա պարերից: Երգ ու պարին դեռահասները միահյուսել էին հայերի անցյալի, ներկայի, մաքառումների, երազանքների ու ձգտումների ինքնատիպ աշխարհը: Միջոցառման ավարտին կենտրոնի դահլիճը թնդաց «Քոչարի» միասնական պարով, որը համախմբման վառ օրինակ էր: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց ծրագրի պատասխանատուներին՝ հերթական կայացած միջոցառման համար: Գնահատելով Վանուշ Խանամիրյանի արվեստը՝ նա նշեց, որ անհրաժեշտ է հաճախակի կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ, որոնք սաներին թե՛ գիտելիք են հաղորդում, թե՛ դաստիարակում հայեցի: 
Տնօրենը կենտրոնի հետ համագործակցության համար շնորհակալագիր հանձնեց «Հայկական զարդանախշեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Բագրատ Հովհաննիսյանին: 
«Շնորհավորում եմ այս հիասքանչ օրվա առիթով: Մեծարելով վետերան-պարուսույցներին՝  դեռահասներին հնարավորություն է ստեղծվում բացահայտելու հայկական պարարվեստը, այս ոլորտում հայ մեծերի ներդրած ավանդը և խթանում է սաների մեջ հայ ժողովրդական պարերի նկատմամբ հետաքրքրություն: Հորդորում եմ  հայ դեռահասներին հաճախել պարի, քանզի մեզ պետք են  հայի ոգին բարձրացնող, ամրակազմ երիտասարդներ»,- ելույթի ընթացքում նշեց Բագրատ Հովհաննիսյանը: 
 
Խմբավար՝ Հայկ Հովհաննիսյան 
        
27/06/2018