«Կա՛նչ... ոգու, մտքի, հաղթանակի»

                           «Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»:
                                                                                              Գարեգին Նժդեհ
 
Հունվարի 29-ին ԿԳՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Կա՛նչ... ոգու, մտքի, հաղթանակի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26 ամյակին:
Միջոցառման նպատակն էր արժևորել Հայոց բանակի դերը՝ որպես պետականության և անկախության պահպանման երաշխիք, նպաստել դեռահասների և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը,  ոգեշնչել մատաղ սերնդին քաջարի զինվորների օրինակով:
Հանդիսությանը ներկա էին Գյումրու կայազորի 55035 զորամասի հրամանատարությունը, ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, ազատամարտիկներ, Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ  բաժնի պետ, մայոր Զարեհ Զորայանը, Շիրակի մարզի գրողների միության անդամներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ և զինղեկներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնարանի շրջանավարտներ, ժամկետային զինծառայողներ և ծնողներ, Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցներ:
Միջոցառումն ազդարարվեց պատվո պահակախմբի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերումով, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը՝ «Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ փողային նվագախմբի նվագակցությամբ: 
Միջոցառման հանդիսավոր մասում մայոր Զարեհ Զորայանը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանին և զինղեկ, ավագ լեյտենանտ Մնացական Գևորգյանին պարգևատրեց շնորհակալագրերով, իսկ ուսումնարանի շրջանավարտ, ժամկետային զինծառայող, սերժանտ Արտյոմ Վոլոդյայի Ծառուկյանի ծնողներին հանձնեց Պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը՝ հայ ռազմիկի պատիվը բարձր պահելու, հայրենասեր զավակ և քաջարի մարտիկ դաստիարակելու համար: Խրախուսվեցին նաև զորացրված շրջանավարտները՝ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անմնացորդ նվիրումի, աննկուն կամքի և կրթօջախի  պատիվը բարձր պահելու համար: Մեծարվեցին ծառայության մեջ գտնվող տղաների ծնողները. զորացրված երիտասարդները ծաղիկներ նվիրեցին նրանց` մաղթելով Հայաստան աշխարհին խաղաղություն, իսկ որդիներին՝ բարի վերադարձ: 
Ուսումնարանի հետ սերտ համագործակցության և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ուսումնարանի տնօրինությունը շնորհակալագիր հանձնեց ՀՀ ՊՆ Գյումրու կայազորի 55035 զինվորական մասի հրամանատարի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխգնդապետ Արմեն Միքայելի Գրիգորյանին: 
Հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստական միջոցառում: 
Հայրենասիրական խրոխտ երգն ու  պարը, հայրենաշունչ բանաստեղծությունները վկայակոչեցին, որ  հայ զինվորը իր հետ  բանակ է տանում կամք, արիություն, անձնվիրություն։ 
Ուսանողները և կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ցուցադրական վարժանքների միջոցով ներկայացրեցին ռազմագիտություն և ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից  ձեռք բերած կարողությունները:
Միջոցառման մասնակիցները ներկայացրին պատերազմների բովում թրծված և հաղթանակած 26-ամյա Հայոց բանակի կազմավորման պատմությունը՝ իմաստավորելով Հայրենիք, Անկախություն,  Զինվոր վեհ գաղափարները:
Հրավիրվածները կիսեցին իրենց տպավորությունները, կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, զինծառայողներին և նրանց  ծնողներին հոգեպես աջակցումն ու մեծարումը: 
«Որպես հայ ազգի արժանի զավակներ՝ պարտավոր ենք բարձր պահել հայ լինելու կոչումն ու պատիվը». այս պատրաստակամ մղումով հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները և ուսանողները խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և ապահովության համար:
 
Ս. Էլբակյան
 
 
              
 
 
 
 
 
 
01/02/2018