«Հանդիպում մանկությանը» խորագրով կլոր սեղան-քննարկում

 Հայաստանի Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությանբ կայացավ «Հանդիպում մանկությանը» խորագրով կլոր սեղան-քննարկում` շիրակցի մանկագիրներ Ստեփան Միքայելյանի, Սուքիաս Աղալարյանի, Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Հակոբ Մուշի և կենտրոնի անգլերենի ու դուդուկի խմբակի սաների մասնակցությամբ: 
Ծրագրի նպատակն էր դեռահասներին ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից մանկագիր ստեղծագործողների գրվածքներին և սաների մոտ արթնացնել սեր ընթերցանության հանդեպ:  
Կենտրոնի սաները ոգևորված և հուզված էին գրողների հետ հանդիպումից, նրանք առանձնահատուկ էին պատրաստվել և սրտի թրթիռով էին սպասում իրենց համար նշանակալի այդ օրվան:  
Հանդիպման ընթացքում դեռահասները ներկայացրին շիրակցի մանկագիրների ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները, հանելուկներն ու գլուխկոտրուկները, կարճամետրաժ տեսաձայնագրություն միջոցով ցուցադրեցին օրեր առաջ «Ընտանիք կենտրոնում կազմակերպված Հակոբ Մուշի հեքիաթների ընթերցանությունը և դրա շուրջ ծավալված քննարկումները: Դիտումից հետո սաները հեղինակի հետ քննարկեցին և վերլուծեցին հեքիաթների բարոյախրատական և դաստիարակչական նշանակությունը. սաներն՝ ըստ իրենց ընկալածի, Հակոբ Մուշն՝ ըստ իր փորձառության և հեղինակային մատուցման: 
Աշխույժ հարց ու պատասխանի անկաշկանդ մթնոլորտում գրողները պատասխանեցին սաների և մանկավարժների հարցերին:
Ցերեկույթի ընթացքում ներկաներն ակամայից սուզվեցին մանկության անաղարտ ու ջինջ անհունության խորքերը և ժպիտով, սիրով ու գորովանքով փարվեցին իրենց ջերմ մանկությանը:     
«Ամեն ինչ վերադարձ ունի, բացի մանկությունից: Այսօր «Ընտանիք կենտրոնը վերադարձրեց իմ մանկությունից մի պատառ… կեցցե՛ք,- նշեց իր խոսքում Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը:
Արձակագիր և մանկագիր Շնորհիկ Շահինյանն էլ առաջարկեց շարունակական դարձնել հանդիպումները, քանզի գրող-ընթերցող անմիջական շփումը երկուստեք մեծ լիցքեր ու կենսականություն են տալիս և, անշուշտ, խթանում սաների ընթերցասիրությունը. 
«Հրաշալի հանդիպում… դարձ դեպի մանկություն: «Ընտանիք կենտրոնն ինձ հերթական հաճելի անակնկալ մատուցեց: Կեցցե՛ք, միշտ գրականության և արվեստի մեջ: Մատաղ սերնդի այս հրաշալի պատրաստվածությունը և մատուցումը հոգեպարար ու ջերմ մթնոլորտ ստեղծեց, մի քանի ժամ շարունակ մեզ պահելով դյութանքի մեջ: Շնորհակալություն:      
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները հոտնկայս ծափահարեցին նաև մեծ հայ Շառլ Անզնավուրի՝ իրական ու թռչող արտիստի, արվեստագետի կենդանի հիշատակին: «Լույսի մեջ թող մնան մեր բոլոր մեծությունները, ովքեր այլևս ֆիզիկապես մեր կողքին չեն: Իսկ ովքեր մեր կողքին են, ուրեմն չկորցնենք պահը, վայելենք նրանց ներկայությունը, որպեսզի հետո մենք էլ քաղցր վերհուշով մտաբերենք այսօրվա` Ձեր հետ անցկացրած յուրաքանչյուր պահը: Խոնարհվում ենք Ձեր առաջ.  շնորհակալ ենք, որ դուք կաք մեր կյանքում և որ ստեղծագործում եք մեզ համար… . ահա այս խոսքերով եզրափակեցին միջոցառումն անգլերենի խմբակի սաները:  
Միջոցառման ավարտին Անդրանիկ Կարապետյանը մանկական ամսագրեր նվիրեց  մասնակից ընթերցասեր սաներին` լիահույս, որ հաջորդ հանդիպումը չի ուշանալու: 
Սաների ընթերցած ստեղծագործությունների հիման վրա պատրաստած պաստառ էլ դարձավ համատեղ հանդիպման առհավատչյան և զարդարեց Գրողների միության սիրով ու ջերմությամբ ողողված սենյակը:  
 
Զ. Հովհաննիսյան
              
                                                                  
 
06/11/2018