«Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Մարտի 7-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նորաստեղծ երգարվեստի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգու արիությունը: 
Ցերեկույթին ներկա էին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի ղեկավար Սաթիկ Վարդանյանը, Գյումրու կրթամշակութային հաստատությունների դասախոսներ, երաժիշտներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ:
Երգչախումբը հանդես եկավ տարալեզու և քառաձայն թեմատիկ երգերի կատարմամբ, որը մեծ հիացմունք պատճառեց ներկաներին և մտովի տեղափոխեց բարությունն ու հրաշագործությունն ամփոփող մայրական աշխարհ: Ժողովրդական ու ազգային պարերի, դուդուկի համակցմամբ երգչախմբի մատուցած երգերն ավելի ներդաշնակ ու ամփոփիչ դարձրին տոնակատարությունը: 
Միջոցառման մասնակիցներն, արտահայտելով իրենց խոնարհումի առհավատչյան, արժևորեցին հայուհու կերպարը, նրա անգնահատելի դերն՝ ամուր ու ավանդական ընտանիքի կայունության և հայրենասիրական վեհ արժեքներ դաստիարակելու գործում: 
Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը ևս շնորհավորանքի խոսքեր ուղղեց կանանց և աղջիկներին գարնանային հիասքանչ տոնի առթիվ և պատվոգրեր շնորհեց երգարվեստի խմբակի շնորհալի սաներին:
Կենտրոնի գործունեության և միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվեցին ներկա գտնվող հյուրերը. «Այս կրթօջախը մեր քաղաքի յուրահատուկ մշակութային կենտրոններից մեկն է համարվում: Այսօր լեցուն ու բովանդակ դարձավ ամեն ինչ: Իմ առանձնահատուկ շնորհակալությունը տնօրինությանը, որ հազարավոր երեխաների համար ճանապարհ են հարթում դեպի գեղեցիկը: Միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված, ես լցված եմ սիրով, հիացմունքով, ուրախությամբ: Մենք իսկապես վայելեցինք այս օրը»,- նշեց իր ելույթում դասախոս Սուսաննա Վիրաբյանը:
Միջոցառումը մի հրաշալի առիթ էր մեծարելու և գնահատանքի խոսքեր հղելու մայրերին և քույրերին: 
 
Փոխտնօրեն՝ Ս. Էլբակյան
      
12/03/2018