«Նորաձևության գույներ» խորագրով միջոցառում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսը 25-ին տեղի ունեցավ  վարսահարդարման և հագուստի մոդելավորման խմբակների սաների համատեղ կազմակերպած «Նորաձևության գույներ» խորագրով միջոցառումը:
Նպատակն էր ներկայացնել վարսավիրական արվեստի և հագուստի մոդելավորում մասնագիտություններից սաների ստացած գիտելիքներն ու կարողությունները, բացահայտել մասնակիցների ինքնուրույն ստեղծագործելու ունակությունները, յուրաքանչյուր սանի անհատական ոճը:
Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը մրցութային էր՝ վարսահարդարման խմբակի սաների մասնակցությամբ: Սաները «մոդելների» հագուստներին համապատասխան ձևավորեցին տարբեր ոճերի սանրվածքներ: Մինչ նրանք կատարում էին իրենց աշխատանքը, ներկաները ծանոթացան վարսավիրական արվեստի զարգացման պատմությանը: 
Միջոցառման երկրորդ հատվածում ներկաները դիտեցին հագուստի մոդելավորման խմբակի ցուցադրական ելույթը. ապագա մոդելավորողները ներկայացրին իրենց նախագծած ու կարած տոնական և առօրյա հագուստների տեսականին, մեջբերումներ արեցին  նորաձևության  մասին հայտնի դիզայներների արտահայտած մտքերից: Ցուցադրության ավարտին հարցեր ուղղվեցին սաներին նորաձևության աշխարհի, «լավագույն նորը մոռացված հինն է» մտքի և կենտրոնում իրենց ձեռք բերած գիտելիքների վերաբերյալ:
Հագուստի մոդելավորման խմբակի սաների ցուցադրական ելույթին հաջորդեց մրցույթի մասնակիցների հարդարած սանրվածքների ներկայացումը և ցուցադրումը:
Մինչ ժյուրին կգնահատեր և կամփոփեր արդյունքները, ներկաներն ակնդրեցին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների ելույթը: 
Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Վոլոդյա Եղիազարյանը, 2-րդ տեղը՝  Լիլիյա Հովհաննիսյանը, 3-րդ տեղը՝ Քնարիկ Սահակյանը: Սաները ստացան պատվոգրեր: 
 
Թ. Մեսրոպյան
    
27/06/2019