«ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ» համախմբում տոնի շուրջ

Ապրիլի 20-ին Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները` տնօրեն Արթուր Մինասյանի գլխավորությամբ, երկօրյա ուղևորություն էին կազմակերպել դեպի Ջավախք: Այցի նպատակը քրիստոնեական մեծագույն տոնի`«Սուրբ Զատիկի» խորհրդին հաղորդակցվելն էր` բարեկամական անքակտելի կապերով միահյուսված վիրահայության հետ միասին: Շիրակցիների և վիրահայերի բարեկամությունը խորը, բեղմնավոր արմատներ ունի` նրանք գրկախառնված են բյուրավոր սրտերով, կապված են տրոփյուն ու սիրակեզ երակներով, որոնցից սնվելու ու ծնվելու է մաքրությունն ու բարությունը, որպեսզի երկրպագի ամենամեծ սիրուն` Քրիստոսին, ով իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը` սովորական մահկանացուներիս զատելով արատավոր կեղծիքից ու կործանարար ստից… «Ընտանիք»-ը սպասված հյուր էր վիրահայերի համար: Մանկապատանեկան կենտրոնի այցն իր մեջ կրում էր արժանահիշատակ առաքելություն: Այն միտված էր կենտրոնի սաներին մոտիկից ծանոթացնել Ջավախքի էթնիկ-մշակութային արժեքներին և ավանդույթներին, սերմանելու սաների մեջ մաքրագործվելու կարողություն, բարություն, ազնվություն, մերձավորին սիրելու, սատարելու ընդունակություն: Այցը չափազանց կարևոր էր իր ճանաչողական, դաստիարակչական նշանակությամբ. սաներն իրենց մասնակցությամբ ականջալուր և ակնդետ դարձան զատկական պատարագին, հանդիպում ունեցան Ախալքալակի «Սուրբ Խաչ» եկեղեցու հովիվ Տեր Տաթև Մարուքյանի հետ, մասնակցեցին «Հարության խորհուրդը» թեմայով զրույցին: Հանդիպումը գեղազարդվեց համատեղ ուժերով կազմակերպված համերգով, որը տեղի ունեցավ Ախալքալակի վերոհիշյալ եկեղեցու տոնականորեն հարդարված բակում, ուր իրենց որոտընդոստ պարերով ու հոգեթով երգերով ասպարեզ էին իջել «Ընտանիք» կենտրոնի և Ախալքալակի գեղարվեստական խմբերի սաները: Կենտրոնի գեղարվեստական ղեկավար` Մուրադ Թորոսյանի անդուլ աշխատանքի շնորհիվ ժողովրդական պարերի խումբը փայլեց իր գեղեցիկ կատարումներով` «Շալախո», «Վերվերի», «Հովիվներ», «Կինտոների պար» և այլ բազմաբնույթ պարերը զուգակցվեցին կենտրոնի ազգագրական երգերով /գեղ. ղեկավար`Կարեն Աթոյան/: Տոնախմբությունը աշխույժով լցրեց զատկվա գույնզգույն ձվերի առատությունը: Համերգից հետո կենտրոնի սաները մասնակցեցին Ախալքալակի «Սուրբ Խաչ» եկեղեցու երեկոյան ժամերգությանը: Հագեցած առաջին օրվան հաջորդեց ուղևորության երկրորդ օրը: Կենտրոնի սաներն ամենայն խոնարհումով մասնակցեցին հայաշատ քաղաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու «Ի հիշատակ ննջեցելոց» առավոտյան պատարագին, այնուհետև հանդիպեցին Վիրահայոց Առաջնորդական փոխանորդության Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ` Հոգեշնորհ Հայր Բաբգէն Վարդապետ Սալբիյանի հետ: Կեսօրին «Ընտանիք» կենտրոնի թատերական արվեստի սաների մասնակցությամբ /ղեկ.` Մ. Թորոսյան/ բեմադրվեց «Հիսուսի Հարությունը» ներկայացումը, որը եզրափակվեց երիտասարդական կենտրոնի պատանիների հետ «հոգևոր ու մշակութային ավանդույթներ և սովորույթներ» թեմայով զրույց քննարկումով: Շրջայցը բոլորեց հետաքրքիր զբոսանքով, որի ընթացքում սաները ծանոթացան Ախալքալակի պատմամշակութային արժեքներին և բարեկամներով ու գիտելիքներով հարստացած` հանգրվանեցին տեղի իջևանատանը: Այցի նպատակը մեծ խորհուրդ է պարունակում, քանզի վերջինս արտացոլում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» գիտակցումը… Թեկուզև աշխարհագրական, տարածքային առումներով սովորույթներն ու ավանդույթները համեմված են զանազան ելևէջներով, այսուհանդերձ հայի ազգային ոգին անկոտրում է` մեր սեգ լեռների պես, հյուրընկալ` գողտրիկ հովիտների նման, եռանդուն` կարկաչուն, սառնորակ գետակների նման, ազնիվ ու սիրասուն` ծիրանագույն մայր մտնող արևի նման, աստվածավախ և արժանավոր` ինչպես հայ քրիստոնյան… Այցը ծառայեց իր նպատակին և ունեցավ ճանաչողական, հոգևոր-մշակութային, դաստիարակչական մեծ նշանակություն:

 

Ս. Ավետիսյան