You are here

Բաց դաս՝ նվիրված Մ. Սեբաստացու 340-ամյակին

Մարտի 22-ին  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մանրանկարչության խմբակի  սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու 340-ամյակին նվիրված բաց դաս:

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի տարբեր խմբակների սաներ, ծնողներ, մանկավարժներ, Մխիթարյան միաբանության անդամ՝ Անտոն  նորոց վարդապետ Գրիգորյանը: Դասին  ներկայացվեց Մխիթար Սեբաստացու կենսագրությունը, գրական, հասարակական, ստեղծագործական  գործունեությունը: Մանկավարժի խոսքը զուգակցվեց ֆիլմի ցուցադրումով, որը վենետիկյան հրաշալի տեսարժան վայրեր  ուղղորդեց  ներկաներին, բացեց առեղծվածային այն վարագույրը, որը տանում էր Մխիթարյան միաբանության հրաշքների աշխարհ: Մեկնաբանվեց Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող ‹‹Բայրոնի մուտքը Սուրբ Ղազար կղզի›› կտավը և գնահատվեց  Բայրոնի ներդրումը հայագիտության, թարգմանչական ասպարեզում:

Միջոցառումն ավելի հագեցած ու բովանդակալից դարձրեց Մխիթարյան միաբանության անդամ Անտոն վարդապետը: Նա հետաքրքրաշարժ պատմություններ  և ուշագրավ փաստեր հաղորդեց Սուրբ Ղազար կղզու մասին, անդրադարձավ Մխիթարյանների գործունեությանը, նրանց  թողած հարուստ ժառանգությանը: Այնուհետև ներկաներին շնորհավորեց  Ծաղկազարդի առթիվ, ներկայացրեց  տոնի խորհուրդը:

Ծրագրի երկրորդ մասում անցկացվեց Ծաղկազարդին նվիրված միջոցառում՝ պոեզիայի թատրոնի և պարարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:

Միջոցառման արդյունքում դեռահասները հաղորդակից դարձան հոգևոր տոնին, պահպանված ժողովրդական ավանդությանը և արժևորվեց Մխիթարյան միաբանության հիմնադիր, եկեղեցական գործիչ Մ. Սեբաստացու անգնահատելի դերը սերունդների հայապահպանության և կրթադաստիարակման գործում:

Մ. Խաչատրյան