Երեխաների պաշտպանության միջազգային օրը ...


Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել:

Զ. Ֆրեյդ

 
Հունիսի 1-ին տոնական խանդավառությամբ էր շնչում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը. Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր…
Հունիսի մեկի օրվա խորհուրդը շեշտելու, այն ընդհանրական տոնի վերածելու նպատակով «Ընտանիք» կենտրոնը կազմակերպել էր տոնախմբություն:
Կենտրոնի բակը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, ուր թևածում էր մանկական պարզությունը, անկեղծությունն ու բարությունը:
Մանուկների տոնական օրը հիշարժան դարձնելու համար անցկացվեցին մի շարք միջոցառումներ. սպորտլանդիա, մարզական և զվարճալի խաղեր` վոլեյբոլ և բագմենտոն, կավճանկարի և գեղանկարչության մրցույթ, գեղարվեստական համարներ:
Կազմակերպված բոլոր մրցույթներին սաները մասնակցեցին մեծ ոգևորությամբ: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր առավելագույնս դրսևորել իր կարողությունները և լինել հաղթող: Իսկ այն մասնակիցները, ովքեր պարտվում էին, շարունակում էին քաջալերել և ոգևորել  թիմակիցներին: 
Միջոցառումն ավարտվեց մրցանակների հանձնմամբ:
Մանուկների անկեղծ ժպիտներն ու կայտառ ծիծաղը, փայլող աչքերը կամա թե ակամա  մեծահասակներին ևս վերադարձրել էին մանկության քաղցր վերհուշը…