Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Իրականացված երազանք» խորագրով միջոցառում

     Միայն մանկական երազների իրականացումը կարող է երջանկություն բերել:
                                                  Զ. Ֆրեյդ
 
Հունիսի 1-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակը վերածվել էր մանկության մոլորակի, ուր տիրում էր տոնական տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները: 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Իրականացված երազանք» խորագրով միջոցառումը համախմբել էր կենտրոնի տարբեր խմբակների սաներին, թաղամասի փոքրիկներին ու բնակիչներին՝ անմոռանալի տպավորություններ, խինդ ու ծիծաղ պարգևելու համար:
Օրվա հերոսները ասմունքով, երաժշտական և պարային բեմադրություններով զարդարեցին տոնախմբության ներկապնակը: 
Գեղարվեստական ելույթներին զուգահեռ անցկացվեցին կավճանկարի, նկարչության և սպորտային մրցույթներ, ինչը հնարավորություն ընձեռեց յուրաքանչյուր երեխայի ինքնադրսևորվել և արտահայտել սեփական կարողությունները: 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդի և նշանակության վերաբերյալ ներկաների իրազեկվածության մակարդակը բարձրացնլու նպատակով, բաժանվեցին նաև ծալաթերթեր, որոնք պատկերազարդված էին «Ընտանիք» կենտրոնի շնորհալի սաների աշխատանքներով:
Մրցույթների արդյունքում հաղթող թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: Կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհավորեց փոքրիկներին՝ նրանց ցանկանալով անամպ երկինք, անհոգ, խաղաղ մանկություն ու երազանքների իրականացում:
 
Ս.Հակոբյան
          
05/06/2019