<Մուսա լեռան և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին> ընդառաջ…

 

Հուլիսի  14-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը իրականացրեց <Մուսա լեռան և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին> ընդառաջ խորագիրը կրող ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ,  որին մասնակցում էին Շիրակի մարզի դպրոցականներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլոք:

Սարդարապատ՝ վերհուշը ապրումո´վ մարդու հոգում վերակենսավորում է բարի զգացումներ, որոնք կարող են ծառայել hայրենիքի փրկության նոր  իրագործումների: Սարդարապատը հայ ժողովրդի միահամուռ կամքի, համաժողովրդական միասնական պայքարի պայծառ արտահայտությունն է: Այն դարձավ հայ ժողովրդի հերոսական մաքառումների և սխրագործությունների ոսկի շարքի գագաթնային պսակը:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի թվով 45 սաներ գիտաճանաչողական այց կատարեցին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

Այցից հետո դեռահասներն իրենց տպավորությունները և ձեռք բերված գիտելիքները հաղորդեցին հասակակիցներին, կազմակերպվեց ֆիլմի դիտում, կլոր սեղան-քննարկում, մեկնարկեց նաև շարադրության մրցույթ՝ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագրով: Միջոցառումների շարքը նպատակաուղղված էր նպաստելու պատանիների մշակութային, գեղագիտական, կրթական, հայրենասիրական դաստիարակության զարգացմանը, ճանաչելու և գնահատելու անցյալը. որպես ներկայի ու ապագայի հիմք։

Ծրագիրը եզրափակվեց Գյումրու «Ընտանիք» կենտրոնում, որի սրահներում առինքնող կեցվածքով թիկնել էին սաների մտքի և ձեռքի ինքնատիպ, ակնավայել արարումները՝ նման թանգարանային նմուշների: Լավագույն նմուշ-աշխատանքների համար կենտրոնի սաները արժանացան մրցանակների և շնորհակալագրերի:

Գյումրու երկրապահ կամավորների միության կողմից պատվոգրերի արժանացան <Ընտանիք> ՄՊՍ կենտրոնի տնօրեն` Ա. Մինասյանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով  տնօրենի տեղակալ՝ Ս. Պետրոսյանը:

Սեդա Հակոբյան