You are here

Կրկին հաղթանակներ Ճապոնիայում

 
   Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի ‹‹Մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդես››-ում ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ, բնատուր նկարչական տաղանդով օժտված 10-ամյա Հովսեփ Տոլբակյանը և 14-ամյա Աննա Մկրտչյանն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակի: 
   Աշխատանքները Կանագավա նահանգ են  ուղարկվել դեռևս 2018 թվականի հոկտեմբեր ամսին: Սաների համար հեղինակավոր այս մրցույթին մասնակցությունը միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր, որը պսակվեց հաղթանակով:
Դեռահասները նկարչական առաջին քայլերը սկսել են ‹‹Ընտանիք›› կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում: 
   ‹‹Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով›› թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու   Աննա Մկրտչյանի վրձնած ‹‹Ուրախ ճանապարհորդություն›› և ‹‹Բնության երգը›› աշխատանքներն են գրավել միջազգային ժյուրիի ուշադրությունը, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու ու բարեկամանալու գաղափարը:
   Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր նկարչական ուժն օգտագործելով՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը և նվիրական երազանքների կատարմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև կամուրջ ստեղծել տարբեր երկրների մշակույթների միջև:
   Հարկ է նշել, որ ցուցահանդեսին ներկայացվել են շուրջ 27 599 աշխատանք աշխարհի 92 երկրից և միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին:
   Սաների հաղթանակի արժեքը գնահատելու համար տեղին է ներկայացնել նաև հարևան և բարեկամ մի քանի երկրների գրանցած ցուցանիշներն այս մրցույթում. Թուրքիայից մրցանակի է արժանացել 2, Ֆրանսիայից՝ 4, Գերմանիայից՝ 1 աշխատանք: Իսկ Ճապոնիայից մեր փոքրիկ երկիր կհասնեն 5 մրցանակ, որից 2-ը՝ ‹‹Ընտանիք›› կենտրոն:
 
Հ. Սարգսյան
 
  
19/03/2019