Հաղթանակած հայոց բանակը 23 տարեկան է

Յուրաքանչյուր հոբելյանական տարեթիվ ակամայից անցյալը վերարժեքավորելու, ներկան գնահատելու առիթ է: Անկախ հայրենիքի, ժողովրդի պայծառ ապագայի խորհուրդն էր իր մեջ ամփոփում հունվարի 30-ին Գյումրու <Ընտանիք> ՄՊՍ կենտրոնի և թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի համատեղ կազմակերպած գեղարվեստական միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր սերմանել սեր և հարգանք հայոց բանակի նկատմամբ, հիշել ու մեծարել հայրենիքի նվիրյալ զինվորներին ու զորավարներին:
Տոնական միջոցառումը մեկտեղել էր հայրենանվեր զավակներին:
Ոգևորության և հպարտության զգացումով համակվեց հանդիսատեսը, երբ <Հայոց բանակ> քայլերգի ներքո բեմ բարձրացան դեռահասները: 
Խրոխտ ու հաղթական հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, դահլիճը թնդում էր «զինվորների» հայրենասիրական երգ-պարով, ոգեշունչ խոսքերով՝ զորացնելով հոգու անհուն սերը հայրենիքի հանդեպ, հավատքն ու աղոթքն առ Աստված:
Հուզառատ էր զինվորի կերպարը մարմնավորող առաջին կուրսի ուսանող Միշա Թորոսյանի տված երդումը՝ ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրվել հայրենի հող ու ջրին: 
Տեղին և նպատակային էր միջոցառման ավարտը. մասնակիցները փառաբանեցին ազգային հերոսների սխրանքն ու անձնազոհությունը, նվիրվածությունը հայրենիքին և սեփական ժողովրդին. <Փա´ռք՝ հերոսամարտի զոհված հերոսներին, փա´ռք Հայաստանի զինված ուժերին>: