You are here

Ցերեկույթ՝ նվիրված պոեզիայի օրվան

Ապրիլի 4-ին, Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել էր քաղաքի մշակույթի, գիտության և հոգևոր ոլորտի անխոնջ մշակներ` Գյումրու գրողների միության անդամներին, պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչներին և դասախոսներին, Տեր Հակոբ քահանա Գրիգորյանին: Պոետիկ էր մթնոլորտը, քնարական հանդերձանքով էր զուգված ուսումնական հաստատության հանդիսասրահը… Կենտրոնի սաները ոգևորված, հուզմունքախառն դիմավորեցին անվանի հյուրերին, քանզի հանդիսատեսի դատին էին հանձնելու մեր համաքաղաքացի, ճանաչված բանաստեղծուհի` Ռոզա Հովհաննիսյանի կենսա-փիլիսոփայական շնչով հագեցած երկերը… Բանաստեղծուհու խոսքերը` «Իմ կենաց բաժակից մի քիչ թափվելով ասում եմ` որոշել եմ արյուն տալ հայ բանաստեղծությանը», սաների համար դարձել էր ուղենիշ, և այդ ուղու յուրաքանչյուր կանգառում ասմունքողները փորձեցին հանգրվանել և իմաստնացած, երգով ու բույրով շաղախված, դուրս գալ դեպի կյանքի լայնարձակ պողոտա, ուր սպասում են նորանոր գործեր ու ձեռքբերումներ… Ուշագրավ էր, որ կենտրոնի աշխատակից Մ. Թորոսյանը բանաստեղծուհու խոսքը երգի էր վերածել, և այն մատուցվեց կենտրոնի խոստումնալից սանի կողմից: Միջոցառումը ընթանում էր սահիկահանդեսով, որտեղ ներառված էր բանաստեղծուհու կենդանի և հյութեղ խոսքը` ընկղմելով հանդիսատեսին պոեզիայի օվկիանի մաքրամաքուր, սթափեցնող ջրերում… Միջոցառման ավարտին բանաստեղծուհին հայտնեց իր երախտիքի խոսքը և պատասխանեց հանդիսատեսի հուզող հարցերին: Միջոցառումը եզրափակեց «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն` Ա. Մինասյանը, բանաստեղծուհուն պատվելով «Ընտանիք» կենտրոնի «Պատվավոր անդամ» տիտղոսով և շնորհագրով, կենտրոնի աշխատակից` Ս.Մկրտչյանի կողմից պատրաստված «Արվեստի մուսա» յուրատիպ հուշանվերով: Ցերեկույթն արժևորվեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի հովվապետական օրհնությամբ: Հիրավի, բանաստեղծները «Երկնավորի» կողմից ստեղծված մարդկային հոգու ստեղներ են` աշխարհն ավելի մեղեդային, ներդաշնակ դարձնելու համար: Ցերեկույթն ունեցավ գեղագիտական, դաստիարակչական, կրթական մեծ նշանակություն: