‹‹Ընտանիք›› կենտրոն. Կոմիտասի 150-ամյակին նվիրված ‹‹Ղողանջ ցնծության›› խորագրով ծրագրի ամփոփում

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, 
ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ 
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի…»: 
Վազգեն Առաջին կաթողիկոս
 
Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց ապրիլ ամսից մեկնարկած «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարքը: 
Ծրագրի նպատակն էր արժևորել մեծն Կոմիտասին՝ որպես հայ երգի զարգացման հիմնաքար, երաժշտական ազգագրության ռահվիրա, ներկայացնել նրա թողած հարուստ ժառանգությունը և յուրահատուկ ստեղծագործական ոճը:
Հայկական երաժշտության «փրկչի» հոբելյանական ամյակի կապակցությամբ «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ստեղծագործական մարզային մրցույթ և համերգներ՝ Աշոցք, Անի, Ամասիա, Հայկաձոր, Ջրափի համայնքներում, Հառիճավանքում, Ջավախքի կրթամշակութային հաստատություններում:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Ջավախք աշխարհի և Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների, մշակութային օջախների տնօրեններ, մանկավարժներ, արվեստագետներ, ծնողներ, ստեղծագործող պատանիներ: Հանդիսության պատվավոր հյուրերն էին ֆրանսաբնակ հայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը, ֆրանսահայ երգչուհի Մարի Մյուլլերը և ֆրանսիացի արվեստագետ, երգչուհի Միրեյ Կասսարը: 
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված մրցանակային աշխատանքների ցուցադրությունը, սաների և համայնքների դեռահասների գեղարվեստական ելույթները դիտելուց հետո, ունկնդրեցին նաև երգեհոնային երաժշտություն: Հրավիրված հյուրերը  կատարեցին Կոմիտասի, Ներսես Շնորհալու և Հենրի Պյորսելի ստեղծագործությունները: 
Միջոցառման երկրորդ մասում հանդիսատեսը մասնակից եղավ պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն, ամփոփելով կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների շարքը, շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակում կենտրոնի հետ համագործակցած հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր: 
«Այսօր մենք լսեցինք իսկական հայկական երաժշտություն, ըմբոշխնեցինք այն դասականն ու հոգևորը, որի կարոտը ունենք Ջավախքում: «Ընտանիք» կենտրոնի հետ համագործակցությունը տասնյակ տարի է, փորձի փոխանակմամբ կարողացել ենք ձեռք բերել մեր բարեկամական սերտ կապը, որը տվել է իր արդյունքները և որը մշակութային, կրթական, ասպարեզներում մեր սերունդների կրթման, դաստիարակման համար ունեցել է կարևոր նշանակություն: Այսօրվա համերգից էլ մեր սաները շատ բան ունեն քաղելու, սովորելու և իրենց հետ տանելու: Մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, ակունքներին ու պահպանենք մեր դարավոր հայկական մշակույթը»,-իր ելույթում նշեց Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնների պատասխանատու Կարինե Թադևոսյանը:
Հայկական և դասական երգարվեստ մատուցելու համար շնորհակալագրերի արժանացան Մարի Մյուլլերն ու Միրեյ Կասսարը:
Պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին գեղանկարչության, դեկորատիվ-կիրառակական արվեստի և ռադիոէլեկտրոնիկայի մրցույթներում տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները, որոնք՝ որպես խրախուսանք, նոյեմբերի 2-ին կայցելեն Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ և պանթեոն:
Հարկ է նշել, որ ստեղծագործական մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել Շիրակի մարզի Արթիկ, Ազատան համայնքներից, Գյումրու հանրակրթական դպրոցներից:
Կոմիտասյան միջոցառումը եզրափակվեց Երևանից ժամանած «Դո Ռե Մեթ» կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության գեղարվեստական ելույթներով:
 
Հ.Սարգսյան
        
 
25/10/2019