‹‹Ընտանիք›› կենտրոն. Հ.Թումանյանի 150-ամյակին նվիրված ‹‹Կախարդական գրչի վարպետը›› խորագրով ծրագրի ամփոփում

 
Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքահայությունն այս տարի մեծ շուքով նշում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս անմասն չմնաց Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից: Հունիսի 18-ին «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը: 
Ծրագրի նպատակն էր ներկայացնել տաղանդավոր Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործական ուղին, ավանդած գրական ու մշակութային ժառանգությունը, արժևորել Թումանյանի անմահ ստեղծագործությունները և նրա խոհափիլիսոփայական խրատներով սաների մեջ դաստիարակել բարություն, աշխատասիրություն, ընկերասիրություն, մրցույթի միջոցով զարգացնել սանե րի ստեղծագործական միտքը, բացահայտել շնորհալիներին:
Բանաստեղծի ծննդյան հոբելյանի  կապակցությամբ «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ գրքահավաք, ստեղծագործական մրցույթ, բաց դասեր, Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ կենտրոնի տարբեր տարիքային խմբերի հետ, թատերական բեմականացումներ «Անուշ» պոեմից, «Գիքորը» պատմվածքից, «Ձախորդ Փանոսը» հեքիաթից, թումանյանական թեմաներով ռադիոհաղորդումներ, վարպետաց դասեր Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի, Բավրա, Մեծ Սեպասար, Զույգաղբյուր համայնքներում, այցելություն Թբիլիսի՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն, Խոջիվանքի պանթեոն, Սբ. Գևորգ եկեղեցի, «Կովկասի տուն» մշակութային կենտրոն, «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորման գործունեության վայր, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, կիրառական արվեստի ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն և գեղարվեստական միջոցառումներ:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների մանկավարժներ, արվեստագետներ, ծնողներ, ստեղծագործող պատանիներ:
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային և խրախուսանքի արժանացած թեմատիկ աշխատանքների ցուցադրությունը, սաների գեղարվեստական ելույթները դիտելուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն, ամփոփելով կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների շարքը, շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակում կենտրոնի հետ համագործակցած հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր: Պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին նկարչական, դեկորատիվ-կիրառակական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի, սահիկահանդեսի մրցույթներում տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները: Տրվեցին նաև խրախուսական պատվոգրեր՝ մտքի յուրօրինակ մոտեցման համար:
Հարկ է նշել, որ ստեղծագործական մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Ախուրիկ, Ջրաձոր համայնքներից, Գյումրու հանրակրթական դպրոցներից և կրթամշակութային հասատատություններից:
Նշենք նաև, որ ստեղծագործական մրցույթի մրցանակակիրները որպես խրախուսանք, հունիսի 24-ին կայցելեն Դսեղ՝ Հ. Թումանյանի տուն թանգարան և Սանահինի վանական համալիր:
 
Հ.Սարգսյան
   
18/06/2019