‹‹Ընտանիք›› կենտրոն. մասնակցություն Սուրբ Հարության տոնին նվիրված քաղաքային տոնակատարությանը

ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 1-ին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Խաչքարերի» պուրակում անցկացված քաղաքային տոնախմբությանը: Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված Սուրբ Զատկին և հումորի օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների, Շիրակի մարզի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարային և թատերական խմբեր: 
Ցուցահանդեսին ‹‹Ընտանիք›› կենտրոնը ներկայացավ խեցեգործության, փայտարվեստի, գորգագործության, կարպետագործության և զարդակիրառական խմբակների սաների ձեռքի աշխատանքներով: 
Զատկի տոնին նվիրված կավի, փայտի ու մետաղի համադրությամբ զարդարանքներն ինքնատիպ ու յուրօրինակ գույներ էին ստացել: Տոնին նվիրված խորհրդանշական աշխատանքները մեծ հետաքրքրաշարժություն և հիացմունք առաջացրին քաղաքացիների շրջանում:
Ցուցահանդեսի մասնակիցները հաղորդակից դարձան Քրիստոսի հրաշափառ հարությանը, որն ամբողջացավ ժողովրդական գեղեցիկ ավանդույթով՝ զատկական ձվախաղով: 
Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
 
Ս. Էլբակյան
 
     
03/04/2018