You are here

2013-10-13 «Հացի փառատոնը» Գյումրիում


 Հոկտեմբերի 13-ին տոնական խանդավառությամբ էր շնչում Գյումրին. «Գյումրու տոնն» էր… Տոնական միջոցառման առաջին ակորդը հնչեց «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակում, ուր թևածում էր շերամաշունչ երգն ու շաբոյանական խրոխտ պարը: «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն ազգային ավանդույթների այն անաղարտ հանգրվաններից է, որտեղ ամեն ինչ արվում է ազգային մտածողության պահպանման ու հարստացման համար: Կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել էր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի և այլոց: Գյումրեցիներն աղուհացով, զուռնա-դհոլի նվագակցությամբ դիմավորեցին հյուրերին: Ամեն տեղ երգ-երաժշտություն էր, խինդ ու բերկրանք: Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը շարունակվեց Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում, որտեղ անցկացվեցին «Հացի փառատոնը» ու ավանդական կենցաղի ցուցադրությունը: Հացը՝ որպես հայ ժողովրդի սրբազան արարչագործություն, իր արտացոլումն էր գտել միջոցառման ընթացքում ցուցադրված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի բազմաժանր աշխատանքներում՝ փառաբանելով օրվա խորհուրդը՝ ազգային ավանդույթները, ժողովրդական մշակույթն ու ազգային ծեսերը: Գյումրին իր ավանդական նիստուկացով, գեղեցիկ արվեստներով ու արհեստներով հայ ժողովրդի սիրված քաղաքներից է, շիրակցիների պարծանքը...

Սեդա Հակոբյան