You are here

«Ընտանիք» կենտրոն. «100-ամյա հաղթական ղողանջներ»-ը Սառնաղբյուրում

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ: 
Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների, մրցանակակիր երգիչների, նաև Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների դեռահասների մասնակցությամբ միջոցառումը վերածվեց մեծ տոնախմբության, որը հիշարժան դարձավ ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ազգաբնակչության համար:
«100-ամյա հաղթական ղողանջներ» խորագրով ծրագրի նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք, համախմբել Հայաստանի, Արցախի և Ջավախքի դեռահասներին միասնական գաղափարի շուրջ:
Տոնակատարության պատվավոր հյուրերն էին Արցախի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, վետերան, ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանակակիր փոխգնդապետ Մարգարիտա Թարանյանը, ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Շիրակի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, հոգևորականներ, զինվորներ և բնակիչներ:
Միջոցառման հանդիսավոր մասում «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի, ազգագրական երգ ու պարի խմբակների սաների «Սարդարապատի քաջեր», «Հայ քաջեր», «Կովկասի քաջեր» և «Գետաշեն» երգերի կատարման ներքո ծաղկեպսակներ զետեղվեցին 1918 թվականի Սառնաղբյուրի գոյամարտի հաղթանակին նվիրված  հուշակոթողին՝ ի հիշատակ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում մարտիրոսված քաջորդիների:
Գյումրու կայազորի 55035 զորամասի և «Ընտանիք» կենտրոնի փողային նվագախմբերի  նվագակցությամբ հնչեց զինվորական քայլերթ և հանդիսավոր բերվեցին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պետական և Ջավախքի խորհրդանշական դրոշները: 
Հաղթական օրվան խորհրդին համահունչ կենտրոնի պարարվեստի, երգարվեստի, դուդուկի խմբակների սաները, Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչները, ինչպես նաև Մարալիկի «Անի» և Սառնաղբյուրի «Կռունկ» պարային համույթները ներկայացրին երաժշտական համարներ ու պարային բեմադրություններ, Մայիսյան հերոսամարտերից ծնունդ առած հայկական երգեր ու պարեր` ներկաներին հաղորդելով բարձր և տոնական տրամադրություն: 
«Նման կազմակերպչական հնարավորությունը հաճելիորեն զարմանք առաջացրեց ինձ մոտ: Երբ տարբեր տարածաշրջանների երիտասարդությունը, պատանեկությունը միասնական մասնակցություն են ունենում տոնակատարությանը, իրենց մոտ փոքր հասակից դաստիարակվում է համահայկականության գաղափար: Կեցցեն նրանք, ովքեր մտածել ու իրականացրել են տարբեր տարածաշրջանների դեռահասների համախմբումը: Մասնակիցներն իրենց զգում են միասնական ու Հայաստանի մի մասնիկ»,- նշեց ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Գեղարվեստական ելույթներին զուգահեռ ներկաները դիտեցին թեմատիկ ստեղծագործական մրցույթի գեղանկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաոճ լավագույն աշխատանքների ցուցադրություն և մասնակից դարձան «Ներկիր ինքդ» խորագրով նկարչության պլանավորված զանգվածային գործողությանը /ֆլեշմոբին/: Համայնքաբնակ դեռահասներին հնարավորություն տրվեց թղթին հանձնել իրենց պատկերացումները՝ դար առաջ տեղի ունեցած հերոս նախնիների կատարած սխրանքների վերաբերյալ: Յուրաքանչյուր աշխատանք ուներ ասելիք և իմաստ. արտահայտված էր հայ ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի և անսպառ զորության հաղթանակը:
«Առաջին անգամ է մեր գյուղում տեղի ունենում բացօդյա նկարչական ֆլեշմոբ: Հպարտ ենք, որ նկարում ենք հարյուր տարի առաջ տեղի ունեցած ճակատամարտից դրվագներ, հպարտ ենք, որ հայ ենք ու սառնաղբյուրցի: Ցանկանում են նմանատիպ միջոցառումները հաճախակի կրկնվեն մեր գյուղում և մեծ հաճույքով կմասնակցենք: Անցկացրինք զգացմունքներով լի, հաճելի, հետաքրքիր ու յուրօրինակ օր»,- իր տպավորությունները կիսեց Սառնաղբյուրի դեռահաս Ալլա Հակոբյանը:
«Նմանատիպ միջոցառումները կարևոր են այնքանով, որ երեխաների մեջ բարձրացնում են հայրենասիրական ոգին, դաստիարակում են ճիշտ, խելացի ու հայրենասեր քաղաքացի: Շնորհակալություն «Ընտանիք» կենտրոնին այսպիսի գեղեցիկ, հայրենասիրական միջոցառում կազմակերպելու և մեր մասնակցությունը ապահովելու համար»,- նշեց Մարալիկի բնակչուհի Նարինե Ղուկասյանը: 
«100-ամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը Սառնաղբյուր համայնքում եզրափակվեց միասնական շուրջպարով՝ ազգաբնակչության և համերգային խմբերի մասնակցությամբ:
 
Ս. Էլբակյան
               
27/05/2018