Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է,
իսկ յուրաքանչյուր հանճար` ինչ-որ չափով երեխա…
Շոպենհաուերի
Հունիսի 1-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում օրը վերածվել էր տոնի: «Երջանիկ մանկություն» խորագրով միջոցառումը համախմբել էր կենտրոնի տարբեր խմբակների սաներին, թաղամասի փոքրիկներին ու բնակիչներին:
«Փոքրիկ հաղորդավարները» միջոցառման սկզբում ներկայացրին երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը: Նրանք ողջունեցին ներկաներին՝ մաղթելով բարձր տրամադրություն և ուրախ ժամանց: Սաները հանդես եկան օրվա խորհրդին համահունչ երգ ու պարով, որոնք ուրախություն և ոգևորություն հաղորդեցին ներկաներին:
Օրն ավելի հետաքրքրիր և գունեղ դարձավ, երբ հայտնվեցին երեխաների սիրելի հեքիաթային հերոսները, որոնք ներկաներին տեղափոխեցին մանկական աշխարհ:
Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպվեցին կավճանկարի, նկարչության և սպորտային մրցույթներ: Միջոցառման մասնակիցներն, ըստ նախասիրությունների բաժանվեցին խմբերի և հաղթական տրամադրությամբ մասնակցեցին մրցույթներին:
Արդյունքում հաղթող թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավելու համար: Կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհավորեց փոքրիկներին՝ նրանց ցանկանալով անհոգ, խաղաղ ու հեքիաթային մանկություն:
Միշտ ժպտացեք սիրելի՛ մանուկներ ու ձեր ժպիտով գեղեցկացրեք նաև մեր՝ մեծերիս աշխարհը:
Ս. Սահակյան
01/06/2018