You are here

«Ընտանիք» կենտրոն. «Արվեստը լույսի մեջ» խորագրով ցուցահանդես

«Մեր սրտերն արբած են այն գեղեցկությամբ, որ մեր աչքերը երբեք չէին կարող տեսնել»:
                                                                          Ջորջ Ռասել
 
Մայիսի 31-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեց «Արվեստը լույսի մեջ» խորագրով ցուցահանդես: 
Թեման խորը ուսումնասիրելու համար սաները մայիսի 3-ին այցելեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահ՝ ծանոթանալու գյումրեցի նկարչուհիների գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներին: Դասերի ընթացքում սաները, խանդավառված Ասլամազյան քույրերի բացառիկ տաղանդով, հետաքրքիր և ինքնատիպ մոտեցմամբ թղթին հանձնեցին ստացած տպավորությունները՝ արտացոլելով նկարչուհիների արվեստը բնորոշող վառ ու տաք գույները: Բնության հրաշագեղ ստեղծագործությունները  պատկերելու համար մայիսի 8-ին սաները Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական այգում անցկացրին բացօդյա նկարչության դաս:   Այն նպատակ ուներ սաների մոտ ձևավորել լույսի և օդի տարածականության զգացողություն. դրանց ազդեցությամբ պայմանավորված նրանք կարողացան նկարներում վերարտադրել գունային փոփոխությունները։ 
Կենտրոնում կայացած ցուցահանդեսին ներկայացված էին 12 սանի 14 գեղանկարչական և 15 բատիկայի աշխատանքներ: Մինչ ցուցահանդեսի դիտումը, սաները հանդիսատեսին ներկայացրին իրենց հույզերն ու ապրումները գեղեցիկի նկատմամբ: 
Ներկաները բարձր գնահատեցին դեռահասների ստեղծագործական աշխատանքները, որոնք ստեղծված էին բարության և արվեստի հանդեպ տածած վեհ զգացողությամբ: Ծնողները, դիտելով նկարները, գովեստի և շնորհակալական խոսքեր հղեցին դասավանդող մանկավարժին և կենտրոնի տնօրինությանը՝ նմանատիպ նախաձեռնության համար, որոնք կարևոր նշանակություն ունեն դեռահասների գեղագիտական ճաշակի զարգացման գործում: 
 
              Ա. Մանուկյան
        
01/06/2018