Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի գլխավորությամբ երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանը, սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը հոկտեմբերի 19-ին մեկնեցին ՌԴ Պյատիգորսկ քաղաք՝ մասնակցելու «Տարվա եղանակներ» նախագծի շրջանակում կայանալիք «Մաշուկի աշունը» /«Машукская осень»/ խորագրով շնորհալիների 5-րդ միջազգային մրցույթին:
Հարկ է նշել, որ դեռևս հուլիս ամսին Երևանում կայացած «Կովկասի առաջնություն 2018» միջազգային 5-րդ երգի հանրապետական մրցույթ-փառատոնում «Դասական վոկալ» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել են կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը և Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից հրավեր ստացել մասնակցելու վերոնշյալ միջազգային մրցույթին:
Մասնակցության նպատակն էր՝ սաների մոտ առաջացնել հաղթանակի հասնելու ձգտում, ձեռք բերել միջազգային մրցույթներում և բեմերում հանդես գալու փորձառություն, ծանոթանալ այլ երկրների մշակույթին:
Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչներ, անվանի երաժիշտներ և վաստակաշատ մանկավարժներ:
Մրցույթին մասնակցում էին շուրջ 120 դեռահաս՝ Ռուսաստանից, Չինաստանից, Լատվիայից, Իսրայելից և Հայաստանից:
Միջազգային հարթակում Հայաստանը պատվով ներկայացրեցին «Ընտանիք» կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը, ովքեր հանդես եկան անհատական ելույթներով և զուգերգով: Նրանք երկօրյա թեժ պայքարի արդյունքում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում անաչառ ու խստապահանջ ժյուրիի կողմից արժանացան 1-ին կարգի դափնեկրի կոչման, պարգևատրվեցին դիպլոմներով ու հատուկ մրցանակներով:
Ցանկացած ոլորտում հայի ունեցած ձեռքբերումն ու բարձրացված ՀՀ պետական դրոշը յուրաքանչյուրիս պատիվն ու հաղթանակն է:
Կեցցե՛ք տաղանդավոր սաներ՝ միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար:
25/10/2018