Ապրիլի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ցերեկույթ՝ կենտրոնի պարարվեստի խմբակի սաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդը, կարևորել Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը:
Տոնախմբության պատվարժան հյուրն էր Շիրակի թեմի Մարմաշեն համայնքի քահանա Տեր Փառեն Պետրոսյանը, ներկա էին ծնողներ, մանկավարժներ և սաներ:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով և «Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:
Ցերեկույթի ընթացքում պարարվեստի խմբակի սաները հանդես եկան ծիսական և ազգագրական պարային բեմադրություններով, հոգևոր երգերով և շարականներով: Ներկայացվեց Զատկի տոնի քրիոտոնեական խորհուրդը, հին հայկական ավանդույթներն ու սովորույթները, զուգահեռ ցուցադրվեց տոնի նախապատրաստական աշխատանքները:
Դահլիճում զատկական պարային տոնակատարություն էր, որն իր ջերմությամբ հանդիսականի հոգիներում հավատի, հույսի և սիրո լույս սփռեց:
Ցերեկույթի ավարտին Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, ողջունելով ներկաներին Քրիստոսի հրաշափառ և Սուրբ Հարության տոնի առիթով, նշեց. «Գեղեցիկ միջոցառում էր, հոգեցունց պահեր ապրեցինք, մինչև անգամ հոգուս թրթիռը դեռ չի անցել, որովհետև այն, ինչ մատուցվեց մանուկների շուրթերից, ավելի արդար է, պարզ և մաքուր: Շնորհակալություն «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչներին և մանուկներին՝ օրվա լուսավոր խորհուրդը գեղեցիկ մատուցելու համար»:
Ալվարդ Մկրտչյան
26/04/2019