You are here

«Ընտանիք» կենտրոն. «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատային խաղի միաժամանակյա սեանս

Դեկտեմբերի 3-ին կրթության, գիտության և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված անցկացվեց «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատային խաղի միաժամանակյա սեանս:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել շախմատի աշխարհի չեմպիոնների և հայ անվանի շախմատիստների կենսագրությունը, ներգրավել հաշմանդամություն ունեցող դեռահասներին շախմատային խաղին և ապահովել հավասար հնարավորություններ:
Խաղին մասնակցում էին կենտրոնի շախմատի խմբակի տարբեր տարիքային խմբերի շնորհաշատ սաները։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանը և գեղարվեստական մասի վարիչ Հ. Սարգսյանը ողջունեցին մասնակիցներին` մաղթելով հաջողություն, անկոտրում պայքար և հաղթական խաղ։ Մինչ սեանսի մեկնարկը սաները ցուցատախտակի վրա ցուցադրեցին և վերլուծեցին Տիգրան Պետրոսյանի խաղացած պարտիաներից փոքրիկ հատված, ներկայացրին յուրաքանչյուր խաղաքարի դերն ու նշանակությունը շախմատային խաղում:  Սեանսն անցկացրեց շախմատի խմբավար Ք. Մանուկյանը, ով սկզբում ներկայացրեց  խաղի կանոնները և նշեց, որ մեծ փորձառություն է խաղալ միաժամանակյա սեանս։
Մեկնարկի առաջին րոպեներից շախմատիստներն օգտագործեցին իրենց ձեռք բերած շախմատային գիտելիքներն ու հնարքները` փորձելով մարզական համառությամբ հասնել հաղթանակի:
23 մասնակից հնարավորություն ստացան ցուցադրել իրենց շախմատային կարողությունները, որից 2-ը` Ռուբիկ Մադոյանը և Դավիթ Մնդլյանը համառ պայքարի արդյունքում խաղն ավարտեցին ոչ-ոքի։
Խաղի միաժամանակյա սեանսի անցկացումը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ինքնադրսևորվելու և ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, ցուցաբերել բարձր որակական հատկանիշներ։
 
Ք. Մանուկյան
     
 
 
04/12/2019