You are here

«Ընտանիք» կենտրոն. «Վարդանանց հերոսների հետքերով…» խորագրով միջոցառում


Փետրվարի 27-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Վարդանանց հերոսների հետքերով…» խորագրով միջոցառում- կլոր սեղան՝  նվիրված Սրբոց Վարդանանց տոնին։ Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել Վարդանանց պատերազմը՝ որպես հայրենիքի ազատության և անկախության համար մղված հերոսամարտ, արժևորել Վարդանանց սուրբ քաջերի պատգամը և հավատքի դերը ազգապահպանության գործում, խթանել սաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, արժևորել հայ ազգի պատմության դասերը։
Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի բարեկրթություն և խոսքի վարպետության, պարարվեստ և թատերական արվեստի խմբակների սաները, ծնողները, ՀՀ ԿԳՄՍՆ  Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսմասվար, հայ գրականության դասախոս՝ Ս. Էլբակյանը և նույն հաստատության դասախոս՝ Ք. Գրիգորյանը, ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դասախոս՝ Ս. Ավետիսյանը, Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցիչ՝ Զ. Նահապետյանը։
Միջոցառման առաջին մասում թատերական արվեստի սաները դերասանական արվեստի մեծ հմտությամբ ցուցադրեցին հատվածներ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպից՝ ներկայացնելով 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած դեպքերը՝ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ մղած  ապստամբության և Մեծ սպարապետի կոչի հատվածներով։
Միջոցառման երկրորդ մասում՝ ցուցադրվեց «Անծանոթ Հայաստան – Ավարայր» ֆիլմը, ունկնդրվեցին և սաների կողմից մեկնաբանվեցին Սուրբ Վարդանանց տոնի օրհնության «Նորահրաշ», «Արիացեալք»  շարականները։ Այնուհետև անցկացվեց քննարկում և վերլուծություն Վարդանանց պատերազմի պատմական դասերի,  Սրբոց Վարդանանց տոնի խորհրդի վերաբերյալ։ 
Մասնակիցների կողմից արժևորվեց Վարդանանց հերոսամարտը՝ որպես հայ ժողովրդի ազգային ինքնության, հավատքի պահպանման ազգային պայքար։
 
Ա.   Մկրտչյան
  
02/03/2020