You are here

Շարունակվում է «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագիրը Շիրակի մարզի համայնքների ֆրանկոֆոն դպրոցներում․ Սարատակ համայնք

Շարունակվում է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների մասնագիտական դասերի անցկացումը Շիրակի մարզի համայնքների ֆրանկոֆոն  դպրոցներում՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում։ 

Հերթական այցն այս անգամ ՝ Սարատակ համայնքում էր։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ֆրանսերենի, երգարվեստի, գեղանկարչության, մանրանկարչության խմբակների մանկավարժներն ու սաները գառզուական արվեստի ոգով նկարչական դասեր անցկացրեցին, ուսուցանեցին ֆրանսիական երգեր, բանաստեղծություններ։ Կենտրոնի և Սարատակի միջնակարգ դպրոցի աշակերտները միասին կատարեցին Ֆրանկոֆոնիայի հիմնը,  և ֆրանսահայ, աշխարհահռչակ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի հայտնի երգերից։ Սարատակցի աշակերտներն էլ իրենց պարային ելույթներով գունավորեցին համատեղ միջոցառումը։

Ֆրանսերենի խմբակի սաները ներկայացրեցին Ֆրանկոֆոնիայի պատմությունը, հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների կարևորությունն, ինչպես նաև  հայապահպան գործում  ֆրանսահայ  քաղաքական, արվեստի ոլորտների հայտնի գործիչների թողած մեծ ժառանգությունը։ Հարց ու պատասխանի միջոցով, սաները երկուստեք ամրապնդեցին ֆրանսերեն լեզվի իմացությունը։  «Ստեղծագործենք միասին» նկարչական դասերն իր շուրջը համախմբեց համայնքաբնակ դեռահասներին, ինչի արդյունքում ստեղծվեց միջմշակութային երկխոսություն, վերջիններս գնահատեցին երկու երկրների անվանի արվեստագետների, մշակութային գործիչների ստեղծագործությունները՝ արժևորեցին նրանց դերը համաշխարհային մշակույթի պատմության մեջ:  

03/05/2022