You are here

«Գրատպություն՝ գիտելիքի հավերժական ներկայություն» խորագրով կլոր սեղան -քննարկում

                                                                                                                                                                                  «Տպագրությունը հրետանին է մարդկային մտածման»…

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լրագրության, բարեկրթություն և խոսքի վարպետության խմբակների սաները Շիրակի մարզային գրադարանում անցկացրեցին «Գրատպություն՝ գիտելիքի հավերժական ներկայություն» խորագրով կլոր սեղան –քննարկում: Քննարկման թեմաներն էին՝  «Մաշտոցյան գրերի գյուտը», «Հայ ձեռագիր գիրքը», «Հայ տպագիր գիրքը 1512-1800թթ.», «Հայ գիրքը 1801-1920 թվականներին»:  Նպատակն էր ներկայացնել գիրքը՝ որպես հոգևոր-մշակութային արժեք, հայ տպագիր գիրքը դարձնել զարթոնքի գաղափարակիր և մտավոր կենցաղի նորոգության խորհրդանիշ, ձևավորել նվիրական վերաբերմունք գրքի՝ որպես հանրօգուտ, համամարդկային և մնայուն, ինչպես նաև վերարժևորելով հայ ժողովրդի կյանքում գիրքը` որպես ինքնության վկայագիր, ազգային նկարագրի կարևորագույն արժեք: «Ձօն աղօթք» հայոց այբուբենով մեկնարկվեց կլոր սեղան-քննարկումը, որին ներկա էին Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Կարապետյանը, «Դպիր» հրատարակության տնօրեն Հովիկ Կարապետյանը, Շուշիից տեղահանված գրականագետ, գրող Ռոբերտ Եսայանը,ինչպես նաև մարզային գրադարանի նվիրյալ աշխատակիցներ: Սաների խոսքը համեմված էր մեր դարավոր պատմության հոլովույթում Մաշտոցի գործի պատգամներով, հայ ժողովրդի գոյատևման փրկության ակունք` տպագիր գրքին ներբողված բարոյախրատական գաղափարներով:

«Հիմա մենք բարդ ժամանակներ ենք ապրում, ու գրով կկարողանանք դուրս գալ այդ բարդություններից, ես համոզված եմ, դուք այն սերունդն եք, ով ընթերցող է ու կապված է գրքին: Թեման շատ ճիշտ ընտրված էր ու արդիական, ամեն բան ներկայացրեցիք յուրացրած ամեն տեղեկություն ինչն ամենաողջունելին էր, ու ես դարձյալ համոզվեցի, որ ձեր հաստատությունից դուրս եկող սերունդը գրագետ է ու հայապահպանության գործում մեծ ներդում ունեցող», -ասել է Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Կարապետյանը:

«Ճիշտ ճանապարհին եք և զգում եք մեր լեզվի կարևորությունը, զարկերակի բաբախը, մեր լեզուն այն աղն է , որ համ է տալիս մեր ամբողջ կյանքին, շատ դժվար ուղի է անցել, որի պահպանողն այսօր ձեր սերունդն է, և իրապես դուք այն ձեր ուսերին կրում եք վստահ եմ պատվով»,-նշել է բանաստեղծ Ռոբերտ Եսայանը:

«Շնորհակալություն կազմակերպիչներին, որ նախաձեռնել եք այնպիսի քննարկում, որն այսօր շատ կարևոր է: Ներկայացրեցիք մի ժողովրդի  գոյատևման փառավոր ուղի, որը դարերով եկել ու այժմ պահպանումը ձեր ձեռքում է, դուք այն սերունդն եք, ով գիտակցում է ազգի գոյատևման լուրջ հարցը, որ կապված է գրի հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ընտանիք» կենտրոնին, որ միշտ ձեռքը պահում է կրթության ու գիտության զարկերակին: Այն առաքելությունը, որ կրում եք հիրավի կարևոր է»,-ասել է  «Դպիր» հրատարակության տնօրեն Հովիկ Կարապետյանը:

 

 

 

 

31/10/2022