Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իրենց հարկի տակ հյուրընկալեցին մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ օրը դարձրեցին առավել հիշարժան և տոնական։ Վերջիններս անխզելիորեն կապված են հայոց բանակի հետ և իրենց վաստակով ջանք ու եռանդ չեն խնայել ծառայելու ամենանվիրական գործին՝ հայրենիքի պաշտպանությանը։
Միջոցառումն ինքնատիպ դարձավ՝ շնորհիվ ստեղծագործական կենտրոնի համերգա-պարային բացառիկ ելույթների և հայրենասեր մասնակիցների ոգեկոչող խոսքերի։
Միջոցառումն ամփոփվեց ուսումնարանի տնօրեն տկն․ Ահարոնյանի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի հանդիսավոր հանձնմամբ և ոգեկոչման գեղեցիկ ելույթով․ «Մեր մասնագիտական դարբնոցում ենք կռելու երկիրը շենացնողին, իրավագիտակ և գրագետ այն քաղաքացուն, ով իր մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով ժամանակ առ ժամանակ պետք է հաղթանակած կանգնի տարբեր պատվոհարթակներին՝ ապացուցելու, որ հայի ոգին աննկուն է, քայլերը՝ հաստատակամ, որոշումներն՝ արդար, իսկ գործը՝մնայուն և ապրեցնող։
Մեր կրթօջախի մշտական ձեռբերումներն ու հաջողությունները բազմաթիվ անգամներ վկայակոչել են կարևորի մասին․ «Ապրել, արարել և հաղթանակել»»։