«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ցուցասրահում բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսը կրում էր «Երբ արհեստը արվեստ է դառնում» խորագիրը, որի նպատակն էր ներկայացնել՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, հագուստի մոդելավորման, ուլունքագործության, ասեղնագործության մշակութային կարևորությունը հայապահպանման գործում, արժևորել ազգային արհեստի և արվեստի նվիրյալների, հայտնի վարպետների ստեղծագործական աշխարհը, գնահատել ժողովրդական ավանդույթներում արհեստի և արվեստի դերը, ձևավորել հետաքրքրություն հին արհեստների նկատմամբ, ամրապնդել սաների մասնագիտական կարողությունները:
Մշակութային ցուցահանդեսին նախապատրաստվելիս ստեղծագործող սաներն ուսումնասիրել էին ազգային մշակութային ճյուղերի վարպետների ձեռագործ աշխատանքների կատարողական տեխնիկան, որոնց ստեղծման համար հիմք էին հանդիսացել հարուստ ժառանգության նմուշները:
Խմբավարների անդուլ աշխատանքը միտված էր մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը:
Մտքի և ձեռքի ինքնատիպ, ակնահաճո ստեղծագործական աշխատանքները զարմանք և հիացմունք պարգևեցին հանդիսատեսին՝ բացահայտելով սաների գեղագիտական ընկալումները, գեղարվեստական ճաշակի նոր դրսևորումները: